Արարատի մարզում «Mercedes»-ը բախվել է գազի խողովակի երկաթե սյանն ու շինության պատին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաներում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ազատաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակի երկաթե սյանն ու շինության պատին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից ու օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ են մահացածի մարմինը դուրս բերել ավտոմեքենայից ու պատգարակով մոտեցրել դիատարին:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: