Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո գործող հանցավոր խմբավորումն առևանգել է 52 մարդու. Էլշադ Աբդուլաև
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններին վարկաբեկող տեսանյութեր հրապարակող Էլշադ Աբդուլաևը նամակ է հղել «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրությանը՝ հրապարակելով իշխանությունների հովանու ներքո գործող հանցավոր խմբավորման կողմից մարդկանց առևանգելու մասին փաստեր:
Աբդուլաևը հիշեցրել է վերջին շաբաթներին իր տարածած 4 տեսանյութի մասին, որոնք նկարահանվել են 2007 թվականին: Դրանցում ընդգրկվել են Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ Իլգար Աբբասովն ու Ֆիքրեթ Աբասովը, ինչպես նաև Սահիբը, ով ներկայացել է որպես Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի վստահված անձ ու Պետական պահպանության հատուկ ծառայության աշխատակից Նատիկը:
Աբդուլաևի ներկայացրած տվյալներով՝ այդ հանցավոր խմբավորումն Ադրբեջանոմ առևանգել է 52 մարդու, որոնց ազատելու համար Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները շարունակ կաշառք են պահանջում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Էլշադ Աբդուլաևը հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում է պետական հնարավորություններից օգտվող «Մահվան էսկադրոն», որն իրենից ներկայացնում է կազմակերպված հանցավոր խմբավորում, որի անդամները, օգտագործելով պետական հնարավորությունները, զբաղված են մարդկանց առևանգմամբ: