Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։
Ինչպես տեղեկացրին քննչական կոմիտեից, մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41–ամյա տղամարդը, նրանց հարևանը և նույն քաղաքի 39–ամյա բնակիչը՝ Խ․Պ․–ն, գտնվելով հիշյալ տանը, ընթրել են և օղի օգտագործել։ Այնուհետև հարևանը հեռացել է, 41–ամյա տղամարդը գնացել է քնելու, իսկ Աշոտ Հովհաննիսյանը և Խ․Պ․–ն շարունակել են ընթրել և օղի օգտագործել:
Դրանից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը հայհոյանքներ է հնչեցրել Խ․Պ․–ի հասցեին, որից հետո վերջիններս սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Խ․Պ․–ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Աշոտ Հովհաննիսյանի դեմքին, որի հետևանքով վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Լսելով աղմուկները՝ 41–ամյա տղամարդը եկել է սենյակ, Խ․Պ․–ի հետ միասին 64–ամյա Ա․Հովհաննիսյանին ուղեկցել են ննջասենյակ և պառկեցրել մահճակալին։ Այնուհետև Խ․Պ․–ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակը և տուժողի դեմքին եղած արյունը։ Թողնելով վերջինիս պառկած վիճակում՝ նա հեռացել է՝ իր հետ տանելով նշված տնից հավաքած աղբը և կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։
Հաջորդ օրը 41–ամյա տղամարդը, աշխատանքից վերադառնալով, ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Աշոտ Հովհաննիսյանին՝ մահացած վիճակում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Խ․Պ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: