Մնացական Մարտիրոսյանի դատավարական կոպտագույն սխալը՝ Մանվել Գրիգորյանի գործով, դատախազությունը բողոքարկել է. Կարեն Անդրեասյանի նկարած կինոն՝ խոտան
Այս տարվա փետրվարի 10-ին ազդարարվեց «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ի գործունեության մեկնարկի մասին: Հենց այդ օրը Դատական իշխանություն վերանվանված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով հրապարակվեց մի տեսանյութ, որն ավելի ուշ մասնագիտական ու լրագրողական շրջանակները պիտի անվանեին խայտառակագույն:
Խոսքը կոնկրետ ընտրված գործերով դատաքննության փուլում ուշացումների մասին արդեն հայտնի տեսանյութն է, որի բարձրացրած աղմուկը այնքան ուժգին էր, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ինչպես իրեն բնորոշ է, այն սկսեց իր վրայից գցել՝ Դատական դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում հրապարակելով հերթական պարզաբանումն այն մասին, թե ինքը դրա հետ կապ չունի, Դատական դեպարտամենտն ու ԲԴԽ լրատվական ծառայությունն են հեղինակը, մինչդեռ դրանից շուրջ 1 ամիս առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանինասել էր, որ իր հանձնարարությամբ ուսումնասիրվել են կոնկրետ անձանց վերաբերյալ քրեական վարույթներ, դրանց ուշացման պատճառները, և ասել, որ այդ ուշացումները դատավորների համար կոնկրետ հետևանք են ունենալու:
Ինը րոպե տևողությամբ տեսանյութում ԲԴԽ-ն պատմում էր, թե ում մեղքով են ձգձգվում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող վարույթների քննությունները դատարանում:
Կարենանդրեասյանական ինկվիզիցիայի թիրախում այս անգամ համապատասխանաբար հայտնվել էին դատավորներ Աննա Դանիբեկյանը, Վահե Միսակյանը և Հարություն Մանուկյանը: Գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ վարույթը քննող Երևանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը ցանկից դուրս էր մնացել, և տեսանյութի արդյունքներով հայտարարվեց լավագույն դատավոր, որովհետև վերջինս ավարտել էր գործի քննությունը 4 տարի 7 ամիս քննությունից հետո: Հասկանալի պատճառներով խնայվեց նաև Երևանի քրեական դատարանի նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը:
Այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք ունենալու, հափշտակություններ կատարելու մեջ:
«Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ի թողարկած առաջին ցածրորակ ֆիլմում առանձին տեղ էր հատկացված այն փաստին, որ նշված գործերի քննությունները արագացան այն բանից հետո միայն, երբ ԲԴԽ նախագահ նշանակվեց (նկարի մարդու կողմից.- Գ.Ս.) Կարեն Անդրեասյանը:
Ապագայի քննությունը, իհարկե, ցույց կտա, թե որքանով էր նպատակահարմար այս դրվագը թողնել ֆիլմի մեջ, որովհետև այն կարող է ևս մեկ հանցակազմ ավելացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ՔՊ-ի իշխանությունից հետո քննվելիք քրեական վարույթի մեջ, բայց, ինչպես ասում են, դա՝ վաղը. մի հոդված այս կողմ, մեկն՝ այն կողմ, բան չի փոխելու, իսկ այսօր դա հստակ դիվիդենտ է:
Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի հասցեին տեսանյութում մեղադրանք է հնչեցվում, թե նա Մարտի 1-ի և հայտնի «Սիլվայի գործով» (Սիլվա Համբարձումյանի) երկու առանձին հանցակազմերը քննել է մեկ դատական գործի շրջանակներում, և եթե դատավորն առանձնացներ այս գործերը, ապա չէր վատնի 19 ամիս, իսկ այ, օրինակ, Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող գործերն առանձնացրել է, և արդեն 2023թ. երկու գործերն էլ կարողացել է ավարտել: Եվ եզրակացրել էին՝ Ռոբերտ Քոչարյանի գործը տապալվել է հենց Աննա Դանիբեկյանի պատճառով, ինչպես Հարություն Մանուկյանի պատճառով տապալվել է Երանոսյանի գործը:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գործին, ԲԴԽ-ն գոհունակություն է հայտնում, որ չնայած շուրջ 5 տարի քննվելուն, այս գործը ոչ մի օր չի ուշացել դատավորի պատճառով, և եթե Գլխավոր դատախազությունն այն բողոքարկած չլիներ, վճիռն արդեն ուժի մեջ մտած կլիներ, և արդեն բռնագանձված կլինեին զգալի դրամական միջոցներ և գույք:
Շարունակելով գովեստը՝ նշվում է, որ չնայած գործով 131 անձի՝ դատարան հրավիրելու անհրաժեշտությանը, Մնացական Մարտիրոսյանն ամենաարագն է քննել այս բարդ գործը:
Եվ այսպես՝ Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանը վճիռ է կայացրել 2023թ. նոյեմբերի 27-ին:
168.am-ին հետաքրքրեց, թե ըստ էության մեղադրական դատավճռի ո՞ր մասը դուր չի եկել Գլխավոր դատախազությանը, որ այդ կառույցը որոշել է վերաքննիչ բողոք տանել Մնացական Մարտիրոսյանի կայացրած ակտի վերաբերյալ:
168.am-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից պատասխանեցին՝ Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ:
Մենք ուսումնասիրեցինք Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատական ակտը և այնտեղ հայտնաբերեցինք Դատախազության անհամաձայնության առարկան:
Այսինքն՝ ստացվում է, որ Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռը, ըստ ամենայնի, երբեք էլ ուժի մեջ չի մտնի, քանի որ իր կայացրած վճռում դատավորն այնպիսի դատավարական խախտում է թույլ տվել, որն անբեկանելի հիմք է՝ այս գործը բեկանելու և կրկին առաջին ատյան քննության ուղարկելու համար:
Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մեղադրյալ վերջինիս կնոջ՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ համաներում է կիրառել մի հոդվածով, որի վրա թերևս նույն «Համաներման մասին» օրենքով համաներում չի տարածվում: Իսկ սա նշանակում է, որ Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում այս վճիռը չի կարող մտնել ուժի մեջ. այն պետք է բեկանվի և ուղարկվի առաջին ատյան՝ նոր քննության: Այսինքն՝ Կարեն Անդրեասյանի նկարած կինոն ըստ էության ուժը կորցրած է ճանաչվում, խոտան է, քանի որ դիֆերամբներ են ձոնվել մի դատավորի կայացրած կոնկրետ դատական ակտի համար, որը երբևէ ուժի մեջ չի մտնելու:
Հետաքրքիր է՝ հիմա, այս ամենից հետո, Մնացական Մարտիրոսյանը, ի վերջո, կենթարկվի՞ կարգապահական պատասխանատվության, թե՞ ոչ՝ հնչեղ գործով վճիռը փաստացի ձախողելու համար: