PKK-ի խնդրի լուծումը Թուրքիային հնարավորություն կտա զգալիորեն կրճատել ռազմական ծախսերը. Hürriyet Daily News
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) խնդրի լուծումը Թուրքիային հնարավորություն կտա կրճատել ռազմական ծախսերը: Տարբեր տվյալներով՝ Թուրքիան PKK-ի դեմ պայքարում ծախսել է 300 միլիարդ դոլար:
Ռազմական փորձագետները կարծում են, որ PKK-ի հարցի լուծման դեպքում Թուրքիան կարող է էականորեն կրճատել մի շարք զինատեսակների գնումը, որոնց օգտագործում է PKK-ի դեմ պայքարում: Բացի այդ, նա կարող է արդեն իսկ գնած զինատեսակները վաճառել այլ երկրների:
Խոսքը մասնավորապես, վերաբերում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), հարվածային ուղղաթիռների, մեծ դիպուկություն ունեցող զինատեսակների ու զրահատեխնիկայի մասին, որոնց թուրքական բանակը երկրի հարավ-արևելյան շրջաններում կիրառում է քուրդ մարտիկների դեմ:
1990-ական թվականների կեսերից Թուրքիան իրագործում է մարտավարական նշանակության 2700 միավոր անիվային ռազմական տեխնիկայի ու զրահատրանսպորտների արտադրման ծրագիրը, ինչը գնահատվում է 2 միլիարդ դոլար:
PKK-ի հարցի լուծումը նաև կարող է փոփոխություններ առաջացնել Թուրքիայի իշխանությունների պլանում՝ կապված ԱՄՆ-ից MQ-1 Predator ԱԹՍ-ի գնման հետ: Այդ հարցում բանակցություններ են տարվում 2011 թվականից:
Բացի այդ, 2000-ական թվականների կեսերց Թուրքիան Agusta Westland ընկերության հետ իրականացնում է T129 տիպի ավելի քան 100 հարվածային ուղղաթիռի արտադրության նախագիծը, ինչը գնահատվում է 3.5 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ վերջին 30 տարում Թուրքիան PKK-ի դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար:
2011թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ` PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է 1 տրիլիոն դոլար:
2007 թվականին Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքն էլ իր հերթին հայտարարել էր, որ եթե 1984 թվականից PKK-ի դեմ պայքարում ծախսված մոտ 300 միլիարդ դոլարը ներդրվեր երկրի տնտեսության մեջ, ապա Թուրքիան աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների (G-8) թվում այսօր կլիներ 7-րդը: