Ղազախական նավթը Վրաստանի տարածքով կհասնի Եվրոպա

Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Սուփսի խողովակաշարը Ղազախստանը կարող է օգտագործել սեփական նավթը փոխադրելու համար։ Այս ծրագիրը կփոխի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Վրաստանում և տարածաշրջանում, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է վրաստանյան Radiotavisupleba լրատվականը:

Ղազախստանի «Կազմունայգազ» պետական ​​ընկերության խորհրդի նախագահ Մագզում Միրզագալիևը ադրբեջանական «Թրենդ» հրատարակությանը հայտնել է, որ «Սոկարը» առաջարկներ կպատրաստի այս հարցի շուրջ մեկ ամսվա ընթացքում։ Պարզվում է՝ Ադրբեջանը Ղազախստանին առաջարկել է նավթի փոխադրման համար Բաքու-Սուփսի խողովակաշարը՝ տարեկան մինչև 6 մլն տոննա հզորությամբ՝ դեռևս 2022 թվականին։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հաստատել է, որ ղազախական նավթի փոխադրման շուրջ բանակցությունները շարունակվում են գրեթե երկու տարի և հույս է հայտնել, որ Բաքու-Սուփսի խողովակաշարով նավթի փոխադրումը կսկսվի այս տարի։

«Սա միայն Վրաստանի խնդիր չէ, և շատ սերտ համագործակցություն կա մի քանի երկրների հետ, որպեսզի այդ նավթը մտնի այս խողովակաշար։

Ինչ վերաբերում է նավթամուղի օգտագործմանը, ապա այստեղ կարևոր է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, այդ հարցով ևս ինտենսիվ երկխոսություն է ընթանում։ Պետք էր պայմանավորվել որոշակի պայմանների շուրջ, քանի որ ղազախական նավթը այլ տեսակի է և չի կարող խառնվել ադրբեջանական նավթի հետ»,- ասել է Դավիթաշվիլին։

Ղազախստանն արդեն օգտագործում է մեկ այլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարը՝ Վրաստանով սեփական նավթի տարանցման համար. անցյալ տարի խողովակաշարով անցել է 1,39 մլն տոննա ղազախական նավթ։

Արևմտյան երթուղու արտահանման խողովակաշարը (WREP), որը հայտնի է Բաքու-Սուփսի անունով, Վրաստանի տարածքով անցնող ռազմավարական օբյեկտներից է։ Խողովակաշարի միջոցով Ադրբեջանի Կասպից ծովի Չիրագ հանքավայրից արդյունահանվող նավթը գնում է դեպի արևմտյան Վրաստանի Սուփսի տերմինալ։ 1999 թվականին բացված խողովակաշարի երկարությունը 830 կմ է, որից 375 կմ-ն անցնում է Վրաստանի տարածքով։

Ռոնդելի հիմնադրամի հետազոտող Մամուկա Կոմախիան կարծում է՝ Բաքու-Սուփսի նավթամուղը քաղաքական նշանակություն ունեցող նախագիծ է. այն Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին խողովակաշարն է, որն ապահովում է, որ ադրբեջանական նավթը շրջանցի Ռուսաստանը և հասնի արևմտյան շուկա։ Այս խողովակաշարը Հարավային Կովկասին կարևոր տեղ տվեց միջազգային էներգետիկ քաղաքական քարտեզի վրա:

Տեսանյութեր

Լրահոս