Ինչի՞ մասին է լռում կառավարությունը

Կառավարությունն ամփոփում է 2023 թվականի արդյունքները և արդեն իսկ Ազգային ժողովի դատին է ուղարկվել կառավարության ծրագրի 2023թ. կատարողական զեկույցը։

Զեկույցում կառավարությունն արձանագրում է. «Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը կազմել է շուրջ 14.4%՝ գերազանցելով ՀՆԱ-ի աճը»։

Ինչի՞ մասին է լռում կառավարությունը։ Բանն այն է, որ հիմնական միջոցներում ներդրումների աճը մեծ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանց մեջ ներառված է նաև ֆիզիկական անձանց կողմից առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի նշանակության անշարժ գույքը, որի ծավալները զգալիորեն ավելացել են՝ «2023 թվականին գրանցված նոր բնակելի գույքերի թիվը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 4.4 անգամ»,- գրված է զեկույցում։

Այս արդյունքը ձևավորվել է այն պատճառով, որ գնորդները շահագրգռված են հնարավորինս արագ օգտվելու հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի ետ վերադարձի հնարավորությունից, քանի որ հիշյալ ծրագրի պայմանները մի քանի անգամ տևողության և գործողության աշխարհագրության առումով խստացվել են, պոտենցիալ շահառուները ձգտում են օգտվել ծրագրով նախատեսվող արտոնություններից նախքան դրանց լրիվ դադարեցումը։

Ինչպես գիտեք, նախատեսվող փոփոխությունների համաձայն 2025թ.-ից Երևան քաղաքում եկամտային հարկի վերադարձն այլևս չի գործելու այն կառուցապատողների համար, ովքեր իրենց շինթույլտվությունները ստացել են 2022թ. հունվարի 1-ից հետո։

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունը, իհարկե, իր հերթին աշխուժացրել էր անշարժ գույքի ձեռք բերման շուկան, սակայն անմասն չի մնացել նաև մեկ այլ կարևոր կոմպոնենտ։

Այսպես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքով պայմանավորված Հայաստան բնակության տեղափոխվեցին զգալի թվով ՌԴ քաղաքացիներ, ինչն իր հերթին հանգեցրեց վարձակալվող գույքի պահանջարկի կտրուկ մեծացման։ Որպես կանոն վարձակալությամբ գույք հանձնողները ստացված եկամուտն ուղղում էին նոր գույք ձեռք բերելուն՝ հետագայում այն ևս վարձակալության հանձնելու նպատակով, կամ գույքը ձեռք էր բերվում օտարերկրյա քաղաքացիների կողմից։

Այնուամենայնիվ, այս երկու միտումները շարունակական լինել չեն կարող, դրանք կարճաժամկետ են և մեծամասամբ կախված են արտաքին գործոններից, ինչը հարցականի տակ է դնում 2024թ. պարագայում նման աճի արձանագրումը։ Շատ իրատեսական է, որ այս՝ ընթացիկ տարվա կտրվածքով կարձանագրվի բնակարանների առուվաճառքի գործարքների նվազում՝ պայմանավորված անշարժ գույքի գների բարձրացմամբ և այն հանգամանքով, որ շուտով Երևան քաղաքի մասով կդադարեցվի հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի ետ վերադարձի ծրագիրը։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացվող գործարքներին, ապա 2023թ. դրանց քանակն արդեն իսկ նվազման միտում ուներ, իսկ 2024թ. այն էլ առավել ցայտուն կլինի։ Բացի այդ դեռևս հարցականի տակ է, թե ինչ արդյունքներ կարձանագրի Հայաստանի մարզային բնակավայրերում անշարժ գույքի պահանջարկը։

Ինչպես գիտեք, ըստ կառավարության հնգամյա ծրագրի՝ անհրաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան շուրջ 21.1% աճ՝ թիրախավորված տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու համար։

Այս համատեքստում, եթե տրամաբանական հանգամանքների բերումով անշարժ գույքի շուկայում կտրուկ պասիվություն նկատվի, էլ ի՞նչ բաղադրիչի շնորհիվ է կառավարությունն աճող ցուցանիշ արձանագրելու։

Տեսանյութեր

Լրահոս