Պուտինը հայտնել է, թե ո՛ր դեպքում է ՌԴ-ն պատրաստ միջուկային զենք կիրառել

Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի և պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե հարցը վերաբերում է ռուսական պետության գոյությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք (խմբ․՝ միջուկային զենքերը) մեզ մոտ մշտապես գտնվում են մարտական պատրաստության վիճակում», – ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև շեշտել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններում մարտավարական միջուկային զենք գործածելու կարիք չկա, սակայն նշել է, թե ո՛ր պարագայում Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել։

«Զենքը գոյություն ունի, որպեսզի օգտագործվի, մենք ունենք մեր սկզբունքները։ Ըստ դրանց՝ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածը, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին, մեր ինքնիշխանությանը և անկախությանը վնասելու մասին։ Այդ ամենը շարադրված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել», – ասել է Պուտինը։

Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի միջուկային տրիադան (միջուկային սպառազինությունը ցամաքում, ծովում և օդում) ավելի ժամանակակից է, քան այլ երկրների տրիադաները։

Տեսանյութեր

Լրահոս