Բաժիններ՝

Ucom-ը 2023 թ-ին կայուն աճ է գրանցել ֆիքսված և շարժական կապի ոլորտում

Ucom ընկերությունը 2023 թ-ին բարձր և կայուն աճի տեմպ է ապահովել՝ ֆիքսված և շարժական կապի ոլորտում։

Համաձայն նախորդ տարի ընդունված հնգամյա ռազմավարության՝ ընկերությունն իր հիմնական նպատակն է դարձրել ընդլայնել ֆիքսված և  շարժական կապի ցանցը, ինչպես նաև բարելավել կապի որակը, որպեսզի Հայաստանի ամբողջ տարածքում բնակիչները  հնարավորություն ունենան օգտվել կոնվերգենտ ծառայություններից, այսինքն ստանալ շարժական կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն մեկ փաթեթում։ Այս պահին ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդների կեսից ավելին օգտվում է հենց կոնվերգենտ ծառայություններից՝ ստանալով կապի բոլոր ծառայությունները Ucom-ից։

Մասնավորապես, ընկերության կոնվերգենտ ծառայությունները 2023 թ-ին հասանելի են դարձել նաև Իջևանի, Գորիսի, Գավառի և Սևանի բնակիչների համար։

2023 թ-ի ընդհանուր եկամուտը կազմել է 38,2 մլրդ դրամ, ինչը 5,5 տոկոսով ավել է, քան 2022 թ-ի եկամուտը։ Ընդ որում, 2023 թ-ի արդյունքում ընկերության ֆիքսված կապի ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 16,1 մլրդ դրամ, աճելով 2022 թ-ի համեմատ 7,9 տոկոսով։

Ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակը 2023 թ-ին հասել է 133.713, 2022 թ-ի համեմատ աճելով 6 տոկոսով։ Ընդ որում, 2023 թ-ին 2022-ի համեմատ Ucom-ն ունեցավ շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների թվի ամենամեծ աճը շուկայում՝ 9,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Ucom-ն ուներ շարժական կապից ակտիվ օգտվող 713.151 բաժանորդ։ Եկամուտն այս գծով կազմել է 16,1 մլրդ դրամ՝ աճելով 8,1 տոկոսով։

Գործառնական շահույթը՝ մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 16,8 մլրդ դրամ, ինչը 6,6 տոկոսով ավել է 2022 թ-ի ցուցանիշից։ Ընկերության գործառնական շահույթի մարժան (OIBDA Margin) կազմել է 43,8 տոկոս։

Որպես հարկեր 2023 թ. պետական բյուջե է փոխանցվել 12,4 մլրդ դրամ։

Տեխնիկական արդյունքներ

Կապիտալ ծախսերի չափը 2022 թ-ի համեմատ աճել է 26 տոկոսով, ինչն ուղղված է Ucom-ի ցանցերի արդիականացմանը։ Մասնավորապես, կատարվել է ցանցերի և սարքերի տեխնիկական զգալի վերազինում, ինչպես նաև թարմացվել են ընկերության կողմից օգտագործվող կառավարման համակարգերը, անվտանգության ընթացակարգերը և այլ ծրագրային կոմպոնենտներ։

Մեծացվել է ֆիքսված ցանցի թողունակությունը, նաև  կատարվել են փոփոխություններ, որոնք ապահովելու են ավելի կայուն կապ և հնարավոր ընդհատումների արագ վերականգնում։

Երևանի տարածքում մոդերնիզացվել է LTE շարժական ցանցի ենթակառուցվածքը՝ ծածկույթն ու թողունակությունը մեծացնելու նպատակով։ Նաև մայրաքաղաքում ընդլայնվել է FTTH (Fiber to the Home) օպտիկական ցանցը և բարձրացվել է նրա որակը։

«Մեկ տարի առաջ ինձ վստահվեց ընկերության կառավարումը, մենք մշակեցինք 5 տարվա հավակնոտ ռազմավարություն ու տեսլական, որը ընդունվեց ու հաստատվեց տնօրենների խորհրդի կողմից։ Այս տարվա ընթացքում մեր թիմը միահամուռ աշխատել է ռազմավարությունն իրականացնելու համար։ Այս պահին մենք արդեն գրանցել ենք լուրջ հաջողություններ, մեր ցանցը ամեն օր ընդլայնվում ու ավելի արագ է դառնում, մենք աշխարհահռչակ ընկերությունների հետ համագործակցություն ենք սկսել՝ ուղղված տեխնիկական արդիականացմանը և ցանցի հզորացմանը։ Մեր նպատակներն իրոք շատ մեծ են, ու մենք շատ լուրջ ենք տրամադրված», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջազգային հավաստագրեր

2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել է միջազգային սերտիֆիկացման աուդիտ և ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր։

Միջազգային փորձագետների կողմից երկարատև և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Ucom-ը 2023 թ-ին ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է:

Մարդկային ռեսուրսներ

2023 թվականի ավարտին ընկերությունն ուներ շուրջ 1400 աշխատակից։ Տարվա ընթացքում Ucom-ին միացել է 396 նոր աշխատակից, 195 աշխատակից պաշտոնի բարձրացում է ունեցել, աշխատակիցների համար 220 վերապատրաստման դասընթաց է անցկացվել։

Սոցիալական պատասխանատվություն

Ավանդաբար, Ucom-ն իրականացրել է նաև իր ԿՍՊ ծրագրերը։ 2023 թ-ի ընթացքում ինտերնետ կապ է տրամադրվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին և մի շարք կրթական հաստատություններին։ Ինտերնետ հասանելիությամբ են ապահովվել նաև մի շարք սպորտային և մշակութային միջոցառումներ։ Որպես հովանավոր ընկերությունը հանդես է եկել գիտակրթական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են Silicon Mountains ամենամյա գագաթաժողովը, Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադան։

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախաձեռնվել է արևային կայանների տեղադրում սահմանամերձ՝ Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։

Աջակցություն է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Մասնավորապես, World Vision Armenia-ի հետ համագործակցության արդյունքում երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր։ Այս նախագիծը հովանավորվել է Ucom-ի և աշխատակիցների մասնակցությամբ։

Ucom-ը մասնակցել է նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը, որի շրջանակում արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն է ցուցաբերվել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

Նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզում բնակեցված փոքրիկ արցախցիներին տրամադրվել են ամանորյա նվերներ։

Ապագա անելիքներ

Ներկայացնելով ընկերության արդյունքները՝ պարոն Յիրիկյանը պատմել է նաև ընկերության ապագա նախագծերից։ Մասնավորապես, նշել է, որ պաշտոնական համաձայնագրեր են կնքվել՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ:

Nokia-ի հետ Ucom-ը  արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը առաջարկելու է տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ՝ դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից:

Նախատեսվում է իրականացնել թվային տրանսֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում կբարելավվի հաճախորդների փորձառությունը։ Ընտրվելու և ներդրվելու է նոր կոնվերգենտ բիլինգային համակարգ։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է մոտ ապագայում նոր պարտատոմսեր թողարկել։

Տեխնիկական առաջխաղացմանը զուգահեռ Ucom-ը չի մոռանալու նաև իր սոցիալական պատասխանատվության մասին և էկոլոգիական նախագծերի շնորհիվ օգնելու է Հայաստանին ունենալ կանաչ ապագա։

«Յուքոմ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս