Գերմանիայում տնտեսական աճի ակնկալիքները նվազեցվել են
Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտը՝ ifo-ն, հերթական անգամ նվազեցրել է այս տարվա ընթացքում երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ենթադրվում է, որ 2024 թվականին Գերմանիայի տնտեսությունը կաճի ընդամենը 0.2 տոկոսով: Վերջին ամիսներին փորձագետներն արդեն երկու անգամ իջեցրել են երկրի տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Դեկտեմբերին Ifo-ն ակնկալում էր 0.9, իսկ հունվարին՝ 0.7 տոկոսի աճ:
ifo-ի փորձագետ Տիմո Վոլմերշաուզերն վատատեսական կանխատեսումը հիմնավորում է սպառողների զսպվածությամբ, բարձր տոկոսադրույքներով, գների աճով, կառավարության սահմանած խնայողության խիստ միջոցներով և համաշխարհային տնտեսության ներկայիս թուլությամբ: Սակայն, նշվում է, որ այս տարվա կեսին տնտեսական աճը կարագանա և 2025 թվականին կհասնի 1.5 տոկոսի: Ըստ տնտեսագետների՝ դրան կնպաստեն տոկոսադրույքների նվազեցումը, գնաճի դանդաղումը և գնողունակության բարձրացումը։
Մինչդեռ, Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) փորձագետները կարծում են, որ տնտեսական անկումից Գերմանիայի վերականգնումը կձգձգվի: Ամենայն հավանականությամբ, ձմեռային կիսամյակում արտադրությունը կկրճատվի, իսկ տնտեսությունը կաճի ընդամենը 0.1 տոկոսով:
Այնուհանդերձ, ifo-ի փորձագետներն ակնկալում են, որ այս տարի Գերմանիայում աշխատող մարդկանց թիվը 45.9-ից կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ 46.1 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 46.2 միլիոնի: Իսկ գործազրկության մակարդակը 2024 թվականին կաճի 0.2 տոկոսով (5.7-ից մինչև 5.9):
Ifo-ի հետազոտողներն ակնկալում են բնակչության իրական եկամուտների աճ, որն, ըստ կանխատեսումների, երեք տարվա անկումից հետո այս և հաջորդ տարի կաճի 1 տոկոսով: