2023թ. Թուրքիայի տնտեսությունը 4.5% աճ է գրանցել
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ին Թուրքիայի արդյունաբերության հիման վրա հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայի տնտեսությունը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 4.5 տոկոսով, իսկ կոնկրետ վերջին եռամսյակում աճը կազմել է 4 տոկոս:
Բացի այդ 2023-ի ՀՆԱ-ն 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով՝ հասնելով ավելի քան 26 տրլն լիրայի (թուրքական ազգային արժույթ), ընդ որում վերոհիշյալ ՀՆԱ-ի աճը ձևավորվել է ընթացիկ գների հիման վրա կատարված հաշվարկների արդյունքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության «Ֆինանսական աճի ակնկալիքների» վերաբերյալ իրականացված հարցման մասնակից տնտեսագետները 2023-ի 4-րդ եռամսյակի համար կանխատեսում էին 3.97 տոկոսանոց, իսկ ընդհանուր առմամբ 2023-ի տարեկան աճի համար՝ 4.4 տոկոսանոց աճ:



