ՀԱՊԿ-ի գործողությունները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը. Փաշինյան
ՀՀ-ն ՀԱՊԿ-ում որոշումների կայացումը չի արգելափակում, բայց և չի մասնակցում։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
Պատգամավորն իր հարցի մեջ նշել էր, որ վերջին շրջանում վայրիվերումներ են ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում։
«Փաշինյանը հենց արևմտյան միկրոֆոն է տեսնում` մի ամբողջ բողոքի գիրք է բացում ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից, իսկ հետո փորձում է առաջիկա ասուլիսների ժամանակ սրբագրել, դիֆերամբներ ուղղել ՌԴ-ին»,- նշեց Մանուկյանը։
Ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն մեկ տարի է` ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի։
«Մենք ՀԱՊԿ միջոցառումներին արդեն տևական ժամանակ է` չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է որոշումների կայացման կոնսենսուսի սկզբունքը։ Մենք որևէ բան չենք արգելափակում, բայց և չենք մասնակցում մի շատ պարզ պատճառով` չունենք այն հարցի պատասխանը, թե ինչի համար պետք է մասնակցենք։
Կա հարց` ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Մենք գիտենք այդ հարցի պատասխանը, ընդամենն առաջարկում ենք այդ լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել ու հաստատել այդ պատասխանը»,- հայտարարեց Փաշինյանը։
Վերջում նա ընդգծեց` հիմա ՀՀ-ն դե ֆակտո է սառեցրել անդամակցությունը, բայց եթե այս գործընթացը շարունակվի, ապա ՀՀ–ն դե յուրե էլ կսառեցնի։