«Փաշինյանը, որ ասում էր՝ «կարմիր շոր ենք հագել և ցուլերին գայթակղում ենք մեզ վրա», հիմա նորանոր գազաններ են առաջանում, մենակ այդ ցուլերով չենք պրծնի».  Ռուստամյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ըստ էության բանակցություն գոյություն չունի, քանի որ բանակցություն նշանակում է, որ ամեն կողմը գոնե պաշտպանում է իր շահերն ու տեսակետները։ Բայց հայկական կողմը, ըստ նրա՝ աշխատում է ամեն ինչ անի, որպեսզի բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որ հանկարծ պատերազմ չլինի։

«Ամեն ինչ անում են՝ ստեղծելու համար պատերազմի լուրջ սպառնալիք, ամեն ինչ անում են, որ այդ պատերազմին երկիրը պատրաստ չլինի։ Համարում են, որ այս վիճակից միակ ելքն այն է, որ պետք է բավարարենք Ադրբեջանի պահանջները։ Իսկ Ադրբեջանի պահանջներն օր օրի աճում են, արդեն այն հինգ պայմանները, որ սկզբից դրվել էին, դրանից անդին էլի պահանջներ են առաջանում։

Սա վերջ չունի, ավելի ճիշտ, վերջն այնտեղ է, որ մենք վաղուց գիտենք, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ուզում՝ նրանք ուզում են այստեղից հայկական գործոնը վերանա, որովհետև դա է իրենց համար սպառնալիք։ Փաշինյանը, որ ասում էր՝ «կարմիր շոր ենք հագել և ցուլերին գայթակղում ենք մեզ վրա», հիմա, իհարկե, նորանոր գազաններ են առաջանում այդ ճանապարհի վրա, մենակ այդ ցուլերով չենք պրծնի։ Այսինքն՝ ինքը մի այնպիսի ճանապարհ է ներկայացնում, որը հայ ժողովրդի համար անանցանելի է, քանի ինքն իր տեսակը չի փոխել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ալիևի հայտարարություններում նորություն չկա, նա ըստ էության ասում է, որ Հայաստանն անվտանգության երաշխավորներ այլ տեղ չփնտրի, միակ երաշխավորն ինքն է։ Այսինքն՝ ստացվում է, որ այսօր Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Բաքուն է՝ եթե երաշխավորի՝ հայը կապրի Հայաստանում, եթե ոչ՝ կվերանա։

Կարդացեք նաև

«Ըստ էության այս խաղի կանոնները որդեգրել են նաև Հայաստանի իշխանությունները և ամեն ինչ անում են, որպեսզի մենք չգրգռենք մեր թշնամիներին, կարողանանք իրենց հետ լեզու գտնել, իսկ դա պետք է կատարվի մեկ ճանապարհով՝ մեր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով»,- հավելեց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի սպառնալիքները կանխի, պատգամավորը պատասխանեց՝ ընդդիմությունն անում է այն, ինչն այսօր կարողանում է անել։

Նրա կարծիքով՝ դեռ խնդիր կա մարդկանց բացատրելու, թե այս ճանապարհն ուր է տանում։

«Չենք ասում, որ մենք խաղաղությանը դեմ ենք, բայց այդ խաղաղություն կոչվածը պետք է ունենա երկկողմանի ընկալում։ Մենք մեր հայտարարության մեջ այս մասին ասել էինք, մարդիկ պետք է տեսնեն, որ այս ամենից ելք կա։ Պետք է ձևավորվի համահայկական լուրջ ճակատ՝ այս ամենի դեմն առնելու համար, սակայն այդ ճակատը դեռ ձևավորված չէ, դժբախտաբար։ Ընդդիմությանը կարելի է մեղադրել, որ մինչև հիմա չի հաջողել հեռացնել այս իշխանություններին, բայց այս իշխանությունները միշտ փորձում են մեկ փաստարկով այդ բոլոր քննադատությունների դեմն առնել՝ ասելով, որ 2021 թվականին մեզ ժողովուրդն ընտրել է, ունենք մանդատ, և այդ մանդատը մեզ տալիս է լեգիտիմ իրավունք։ Մենք ասում ենք, որ նման իրավունք ձեզ չի տրվել, դուք ժողովրդին խաբել եք»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Նա վստահ է, որ համընդհանուր ընկալում կա իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ, եթե սա ժողովուրդն ընկալի, ապա կհասկանա, որ իշխանությունը խաբել է։

Տեսանյութեր

Լրահոս