Դրանից հետո համալսարանը կճշգրտի իր դիրքորոշումը հետագա մասնակցության հետ կապված. ԵՊԲՀ ներկայացուցիչը՝ Աշոտյանի գործով նիստերին չմասնակցելու մասին
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանի գործով մի քանի դատական նիստ է՝ չի ներկայանում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:
Տիգրան Խաչիկյանի բացակայության պատճառով էլ երեկ հետաձգվեց այդ գործով դատական նիստը:
«Տարօրինակ է, չէ՞, որ տուժողները չեն գալիս. 2 տուժողները իրենք պիտի իրենց ճղեին, որ գային նիստերին: Եթե այս գործով տուժողներ կան, ինչո՞ւ նրանք շահագրգիռ չեն գալ դատական նիստերին: Դատական նիստն առանց տուժողի՝ ոնց որ հարսանիքն առանց հարսի, կամ թաղումն առանց մեռելի»,- Տիգրան Խաչիկյանի շարունակական բացակայությանն անդրադառնալով՝ դատարանում նշել էր Արմեն Աշոտյանը:
Դատավոր Վահե Դոլմազյանը չգիտեր՝ պատշաճ ծանուցվա՞ծ է արդյոք փաստաբան Տիգրան Խաչիկյանը, որովհետև վերջինիս ծանուցում ուղարկվել է, բայց հետադարձ կապի մասին դատավորը տեղեկություն չուներ:
168.am-ն այսօր կապ հաստատեց Տիգրան Խաչիկյանի հետ՝ նրան տեղեկացնելով, որ Հակակառուպցիոն դատարանում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ու դատավարության ներկա կողմերը երեկ փորձում էին հասկանալ փաստաբանի բացակայության պատճառները: Արդյո՞ք պատշաճ ծանուցված եք. կա՞ պատճառ, թե ինչու չեք մասնակցում այդ նիստերին՝ հետաքրքրվեցինք փաստաբան Խաչիկյանից:
Ի պատասխան՝ նա նկատեց. «Պատճառների, ծանուցման մասին մենք երեկ ենք կապվել դատարանի հետ. տեխնիկական խնդիրները կարծես թե լուծվել են: Իսկ մնացյալի մասով՝ ներկայացվել է դիրքորոշում այդ գործի քննությանը նիստերից մեկով չմասնակցելու մասին, մնացյալի պարագայի մասով այս պահով որևէ դիրքորոշում չկա: Երբ դիրքորոշումը հստակ լինի, կասվի»:
Մեր ճշգրտող հարցին՝ այսինքն՝ դիրքորոշում, թե ինչո՞ւ չեք մասնակցում, Տիգրան Խաչիկյանը պատասխանեց.
«Այո, ես ինքս իմ անունից չեմ մասնակցում այդ դատական նիստերին:
Դա բժշկական համալսարանի դիրքորոշումը չէ: Ծանուցման խնդրի հետ կապված պրոբլեմ ունեինք. դատարանն այսուհետ կուղարկի համալսարան: Դրանից հետո համալսարանը կճգրտի իր դիրքորոշումը հետագա մասնակցության հետ կապված, նոր դուք կիմանաք այդ մասին»։
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100.000 դոլարի գույք հափշտակելու մեջ. մասնավորապես, «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: