Բրյուսելում ֆերմերների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Բրյուսելում ԵՄ գրասենյակի մոտ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի դուրս եկած ֆերմերների և իրավապահների միջև։ Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԵՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հանդիպում էին անցկացնում բրյուսելյան գրասենյակում ՝ քննարկելու ֆերմերների խնդիրների համար լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին ժհայտնում է The Washington Post-ը։
Ֆերմերները ոստիկանների հետ բախման ժամանակ նրանց վրա հեղուկ գոմաղբ են ցողել, անվադողեր այրել, այնուհետև տրակտորներից կազմված շարասյունը փակել է ԵՄ գրասենյակ տանող ճանապարհները։
Բրյուսելի ոստիկանությունը հաղորդում է, որ քաղաք մտած 900 տրակտորներից շատերը շարժվել են դեպի ԵՄ գրասենյակի շենք, որտեղ ընթանում էր նախարարների հանդիպումը։ ԵՄ շենքը պաշտպանելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել։
Վերջին շաբաթների ընթացքում եվրոպական երկրներում ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք դեմ են ԵՄ-ի «կանաչ համաձայնագրին», պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, վերացնել բազմաթիվ սահմանափակումներ, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել արտասահմանյան, նախ և առաջ՝ ուկրաինական էժան ապրանքների անվերահսկելի ներմուծումը։
«Մենք պարզ լսում ենք նրանց բողոքները, հասկանում ենք, որ շատերը ծանր վիճակում են, բայց բռնությունը երբեք լուծման ճանապարհ չի եղել», – ասել է Բելգիայի գյուղատնտեսության նախարար Դեյվիդ Կլարմիվալը։
Իսկ Իռլանդիայի գյուղատնտեսության նախարար Չարլի Մակքոնլոգն ասել է, որ իրենք հարգում են ֆերմերների աշխատանքը։
«ԵՄ-ն պետք է ապահովի, որ իրենց քաղաքականությունը լինի պարզ և հասանելի ֆերմերների համար», – հայտարարել է նա։
Ֆերմերների շարժումը մեծ թափ է հավաքում հունիսի 6-9 կայանալիք համաեվրոպական ընտրություններին և քարոզարշավին ընդառաջ։