Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի․ Փաշինյան
Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ապահովելն է։
Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։
Փաշինյանն ընդգծել է՝ հայտնի է, որ այդ առումով կան քննադատություններ, բայց ըստ նրա՝ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և այս առումով Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը, որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։
«Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ապահովելն ու միայն Հայաստանի լեգիտիմ, ինքնիշխան և միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունն ու անկախությունը պաշտպանելն է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ զարգացման փուլում։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին` այդ հարցում առանձնահատուկ դեր ունենալու համար։
«Մեր կապերը խորանում են տնտեսության բանագավառում, ինչպես նաև քաղաքական առումով։ Պետք է ընդգծեմ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում ձեր ունեցած մեծ ներդրումը։ Դուք հիշատակեցիք 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության տարածաշրջանային խաղաղության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին։ Համոզված եմ, որ այդ սկզբունքներին հավատարմության դեպքում մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղությունը իսկապես հասանելի և իրատեսական կլինի։ Դուք ընդգծեցիք, որ պաշտպանության ոլորտում մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին և ժողովրդավարությանն աջակցելու համար։