«Չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրայինի բաժիններն են». Փաշինյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ասել է. «Մարդկանց, որ անձնագրային բաժնի հետ կապված ասում են՝ վա՜յ, էս ինչ ա, ասեք՝ թող գումար վերցնեն, գնան՝ տուն սարքեն։ Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի 4 աշխատող է նստած Վարդենիսում, թե ինչ։ Թող գումար վերցնեն, գնան տուն սարքեն, ինչի՞ մասին է խոսքը։ Կամ լավ հիշեցի․ ասում են՝ անձնագրային բաժինը կամ կադաստրի բաժինը լուծարվում է, բնակավայրերը տալու են։

Որ այդտեղ առողջապահական կենտրոն ենք կառուցում, էդ հեչ, որ այդտեղ դպրոց ենք կառուցում, էդ հեչ, մանկապարտեզ ենք կառուցում, էդ հեչ, ջրագիծ ենք կառուցում, էդ հեչ, ճանապարհ… Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն է ու անձնագրայինը։

Դե որ տենց լավ է, եկեք ամեն գյուղում մի 6 հատ բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի, 12 հատ էլ՝ անձնագրային բաժին։ էլ ի՞նչ պետական հիմնարկ կա։ ԺԷԿ-եր բացենք ամենուր՝ բոլոր անկյուններում, ասենք՝ ըհը, կառավարությունն իր անելիքն ավարտեց։ Բայց ո՞նց կարելի է նման բաներ։ Միլիարդներ ենք ծախսում՝ ճանապարհներ, ջրագծեր, մանկապարտեզներ, առողջապահական կենտրոններ, լուսավորություն, ինչ ասես, ասում են՝ ըհը՜, կադաստրի բաժինը փակվեց։ Փակվեց, որովհետև ուզում ենք համակարգչով լինի էդ ամեն ինչը, մարդիկ չգնան օրերով հերթ կանգնեն, տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրեն»։

Նա հիշեցրել է, որ քաղաքացիները անձնագրային բաժիններ գնացել են հիմնականում ելքի վիզայի կնիքի համար. «Հիմա չկա հազար դրամի կնիքը։ Հիմա մենք ոչ միայն օպտիմալացնում ենք, այլև ամեն ինչ անում, որ մարդիկ այդտեղ գնալու անհրաժեշտությունը չունենան»։

Նրա խոսքով՝ մայր գումարը տալիս ենք, տոկոսադրույքը տալիս ենք, թող տուն կառուցեն. «Պետք է տուն կառուցել, ամուսնանալ և երեխաներ ունենալ»։

Տեսանյութեր

Լրահոս