Շնորհը աստծո կողմից նվեր է, որը չի կարելի անտեսել
Սուրբ Գրքում ասվում է. «Մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով» (Եփեսացիներ 4։7):
Հայտնի է, որ բոլորս ունենք մեր առաքելությունն այս կյանքում՝ ստեղծել, կրթել, գեղեցիկն ու լուսավորը տարածել: Յուրաքանչյուրս ունենք տարբեր ընդունակություններ, բայց արդյո՞ք կարողանում ենք բացահայտել դրանք, հասկանալ, թե ո՞րն է մեր դերն ու անելիքը: Օգտագործո՞ւմ ենք Աստծո կողմից մեզ տրված շնորհները: Գիտե՞նք՝ ինչպես դրանք ճիշտ կիրառել, բարիք գործել: Կարելի՞ է անտեսել Տիրոջ կողմից մեզ տրված պարգևները: Հարցերի պատասխանները կարելի է գտնել Սուրբ Գրքում:
«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցն Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանն է:
Շնորհ՝ նվե՞ր, թե՞ պատասխանատվություն
– Շնորհը պարգև է, նվեր Աստծո կողմից: Շնորհներ ստանում ենք նախ մեր ծննդյան, այնուհետև նաև մկրտության՝ Սուրբ մյուռոնով դրոշմվելու պահին: Յուրաքանչյուր մարդ ստանում է յուրահատուկ շնորհ՝ համապատասխան իր կարողություններին ու այն ճանապարհին, որը պետք է անցնի: Այդ նվերները չեն տրվում հենց այնպես: Աստծո կողմից տրված պարգևներն ունեն հատուկ նպատակ՝ օգուտ տալ տվյալ անձին ու հանրությանը: Շնորհի միջոցով մարդը սկսում է ավելի լավ ճանաչել աշխարհիկ ու հոգևոր կյանքը, որը հավիտենական է, և որին պետք է ձգտի ամեն քրիստոնյա: Շնորհը կարող է օգտակար լինել մարդկանց հոգիների փրկության համար: Այն նաև մեզ օգնում է ավելի հեշտ գտնել դեպի Աստված տանող ճանապարհը:
«Եղիցին կամք Քո». Տերը գիտի, թե ինչ է անհրաժեշտ
– Աստված շատ շնորհներ է տալիս: Լինում են դեպքեր, երբ մարդիկ դժգոհում են իրենց տրված պարգևներից, գանգատվում են, թե Տերն իրենց քիչ շնորհներով է օժտել: «Տերունական աղոթք»-ում նշվում է. «Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի»: Նշանակում է՝ Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Աստված լավ գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ: Մենք պետք է շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ մեզ տրվել է, նաև այն ամենի համար, ինչ մենք խնդրել ենք, բայց չենք ստացել: Հաճախ լսում եմ, որ ասում են, թե աղոթում են, մասնակցում Սուրբ Պատարագի, պահք, ծոմ են պահում, խնդրում են, բայց իրենց խնդրանքները չեն կատարվում: Սա ասում են այն մարդիկ, որոնք կարիք ունեն հոգևոր դաստիարակության ու կրթման պակաս: Եթե հոգևոր գիտելիքները շատ լինեն, կարելի է գտնել այս հարցերի պատասխանները: Աստված ուզում է, որ մենք խնդրենք հոգևոր կայունություն և մտքի պայծառություն, որպեսզի մեր ընտրած հոգևոր ճանապարհի մեջ ապրենք Աստծո պատգամներով: Մյուս բոլոր կարիքները Աստված կհոգա:
Տերը տեսնում է, որ Իր բարեպաշտ զավակը, որ ձգտում է ապրել քրիստոնեական կյանքով, հավատարիմ է Իրեն և պատվիրաններին, ունի որևէ բանի կարիք, այն հոգում է:
Վնա՞ս, թե՞ օգտակարություն
– Մենք աղոթելիս շատ բան ենք խնդրում Տիրոջից: Հաճախ դիմում ենք՝ խնդրելով տուն, հարստություն: Պատկերացրեք՝ Աստված կատարի բոլորի ցանկությունները, բոլորին տրամադրի հարստություն: Ի՞նչ տեղի կունենա, արդյո՞ք մարդիկ կկարողանան այդ հարստությունը ճիշտ օգտագործել, թե՞ այն իրենց կստիպի հրաժարվել հոգևորից, իրենց հոգիներն ավելի կմտցնի մեղքի ճահճի մեջ: Երբ մենք որևէ բան ենք խնդրում, մտածո՞ւմ ենք՝ մեր ցանկացածն արդյո՞ք մեր հնարավորությունների սահմաններում է: Մենք պետք է հասկանանք, թե մեր ցանկությունները որքանո՞վ ճիշտ կկարողանանք կիրառել: Աստված գիտի՝ մեր խնդրանքն ամբողջությամբ բավարարելու դեպքում մեզ ավելի շատ վնաս կլինի՞, թե՞ օգուտ: Այսպիսով՝ Նա մեր բոլոր ցանկությունները չէ, որ իրականացնում է, որ մեզ չվնասի:
Եթե չօգտագործես, կզրկվես
– Ցավոք, երբեմն մարդիկ ծուլության, հավատքի թերացման, որոշ ազդեցությունների արդյունքում ճիշտ չեն օգտագործում կամ ընդհանրապես չեն օգտագործում իրենց շնորհները: Ավետարանում նշվում է՝ եթե շնորհդ, Աստծո կողմից տրված նվերը անտեսես, ճիշտ չօգտագործես, կզրկվես դրանից: Ուստի պետք չէ ծուլանալ, որպեսզի չզրկվես շնորհից, նաև քեզ բաժին հասած հնարավորություններից:
Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ
Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ