Երկու անձի մեղադրանք է առաջադրվել գույք ոչնչացնելով կամ վնասելով զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի համար

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55-ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 55-ամյա և Կոտայքի մարզի 40-ամյա բնակիչները, որոնք վրացական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդներ են, դժգոհ լինելով ՀՀ կառավարության կողմից հիշյալ պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ սահմանված իրավակարգավորումներից, դրանցում հօգուտ վարորդների փոփոխություններ իրականացվելու նկատառումով, հասարակության լայն զանգվածներին հասանելի «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծված համապատասխան խմբում հանդես են եկել հիշյալ հարցը ոչ օրինական և ոչ խաղաղ ճանապարհով լուծելու առաջարկներով։ Նրանք հավանություն են տվել խմբի մյուս անդամների նմանատիպ գրառումներին և 2024թ. հունվարի 16-ին սոցիալական ցանցի նշված խմբում հրապարակային կոչ են արել կատարել գույք ոչնչացնելով կամ վնասելով, նրանցի մեկի դեպքում՝ ավտոմեքենա հրկիզելով զուգորդված հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ նշված երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս