Հայաստանի պետական գաղտնիքները հասանելի կդառնան օտարերկրացիներին հեշտացված կարգով
Կառավարությունը հեշտացրել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիության կարգը՝ ուժը կորցրած ճանաչելով 1997 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված այն օրենքը, որով, ի թիվս այլ սահմանափակումների, Հայաստանի պետական գաղտնիք համարվող տեղեկությունը նշված խմբին հնարավոր էր տրամադրել, եթե ունեն ՀՀ-ում մշտական բնակություն՝ առնվազն 3 տարի ժամկետով։
Հիմա Կառավարությունն այդ պահանջը վերացրել է, և օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ՀՀ-ում աշխատելիս և որոշակի կառույցներում գիտական աշխատանք կատարելիս կարող է դիմել և ստանալ պետական գաղտնիք համարվող տեղեկություն։
Ուշագրավ է, որ հենց այս փոփոխությունները (3 տարվա մշտական բնակության պարտադիր պահանջի չեղարկումը և գիտական աշխատանք կատարելը որոշակի կառույցներում) իրենց մեջ անվտանգային սպառնալիք են պարունակում։
Գաղտնիք չէ, որ գիտական աշխատանք կարող են ՀՀ-ում կատարել նաև Թուրքիայից և Ադրբեջանից սնվող՝ հիմնադրամներից վճարվող օտարերկրացիները և հասանելիություն ստանալ Հայաստանի պետական գաղտնիք համարվող տեղեկությանը՝ հատկապես, որ օրենքով հստակեցված չէ, թե ի՞նչ ասել է՝ որոշ մարմիններ։
Այս ոչ հստակ ձևակերպումը չի բացառում, որ հատուկ հիմնադրամներից ֆինանսավորվողները «գիտական աշխատանքի» անվան տակ կարող են տիրապետել ՀՀ պետական գաղտնիքին, դառնալ դրա կրողը և հետագայում դա օգտագործել ընդդեմ Հայաստանի: