Նարինե Հայրապետյանին զգուշացրել են «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը». հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ:
Հայտարարությունումմասնա
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են ու իր հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել: Ըստ Հայրապետյանի՝ իրեն զգուշացրել են «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը»:
Հայրապետյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Մտահոգիչն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը: Մենք մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Կապի դուրս գալով՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ:
Այդ ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանությունում, որ այնտեղ գտնվելուց հետո մարդը լքել է Հայաստանը: Սա հարց է, որը բացատրություն է պահանջում:
Հայրապետյանի հետ տեղի ունեցածն արտառոց է և աղաղակող: Սա մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում ավագանու ընդդիմադիր անդամի դեմ: Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս ամենին:
Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների ու Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին, ներքին քաղաքականության ֆոնին ակնհայտ են բռնաճնշումների գնալու, մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելու իշխանական փորձերը, որը մենք խստորեն դատապարտում ենք և հետևողականորեն պայքարելու ենք հանուն ամբողջական իշխանափոխության:
«Մայր Հայաստան» շարժում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն
23․01․ 2024թ․»։