Օբամայի անվտանգությունն Իսրայելում ապահովում է հատուկ ծառայությունների հազար գործակալ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին անգամ ժամանել է Իսրայել: Նրա իսրայելական այցը գրեթե համընկավ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի նոր կառավարության երդման արարողակարգին:
ԱՄՆ նախագահի եռօրյա պետական այցի ծրագիրն իրենում ներառում է հանդիպումներ Իսրայելի նախագահի ու վարչապետի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդի հետ, մի շարք թանգարարնների ու հուշարձանների այցելում, ելույթներ ու մամուլի ասուլիսներ, արձանագրային միջոցառումներ, ինչպես նաև երկու այց Պաղեստին՝ Բեթղեհեմ և Ռամալլահ:
Ակնկալվում է, որ Օբաման Իսրայելի առաջնորդների հետ հիմնականում քննարկելու է երկկողմանի հարաբերությւոնների հարցը, Իրանի միջուկային ծրագիրը, մերձավորարևելյան խաղաղության գործընթացը վերաբեռնման հեռանկարները, ինչպես նաև հարևան Սիրիայում առկա իրավիճակը:
Այս ամենի հետ մեկտեղ կողմերը կքննարկեն ռազմատեխնիկական ու հետախուզական ոլորտներում համագործակցության հարցը և տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները:
Օբամայի ու նրա պատվիրակության անվտանգությունն ապահովում են ամերիկյան ու իսրայելական հատուկ ծառայությունների հազար գործակալ, ինչպես նաև իսրայելական բանակն ու ոստիկանությունը: Նախորդ անգամ Օբաման Իսրայել է ժամանել 2008 թվականին՝ դեռ մինչև ԱՄՆ նախագահ ընտրվելը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ նշվում էր, թե Օբաման Իսրայելում քննարկելու է նաև թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը: