ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ, բայց փաստ է, որ Ադրբեջանը կհարվածի Սյունիքին. Դավիթ Ջամալյան
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատրաստվում են ամենամեծ զորավարժություններն անցկացնել: Տեղեկությունը հայտնել է DW-ի ռուսական ծառայությունը և ընդգծել, որ Սառը պատերազմից հետո սա ՆԱՏՕ-ի ամենածավալուն զորավարժությունն է լինելու։
Ըստ լրատվամիջոցի, լայնածավալ զորավարժությունները կմեկնարկեն այսօր և կավարտվեն մայիսին։ Զորավարժություններում ներգրավված կլինի 90 հազար ծառայող, այն կընդգրկի ամբողջ Եվրոպայի տարածքը՝ Նորվեգիայից մինչև Ռումինիա։
Հաշվի առնելով աշխարհում, մասնավորապես՝ մեր տարածքաշրջանում, ստեղծված բարդ իրավիճակը, ի՞նչ սպասել այս զորավարժություններից, որին մասնակցում է նաև Ադրբեջանի ռազմական գործողությունները հովանավորող Թուրքիան։
168.am-ի հետ զրույցում նշված հարցի առնչությամբ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նախ նկատեց՝ ՆԱՏՕ-ի այս զորավարժությունն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այնուհետև մանրամասնելով, հավելեց, որ ՆԱՏՕ-ն՝ որպես ռազմաքաղաքական միավոր, ստեղծվել է նախկին Խորհրդային Միությանը հակազդելու համար։ Իսկ իրականում եղել է խիստ ագրեսիվ միավոր, հակախորհրդային ուղղվածությամբ կազմավորում։
«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ենթադրելի էր, որ նոր ժամանակները ենթադրելու են նոր անվտանգային քաղաքական սցենարներ աշխարհի հզորների կողմից։ Բայց արի ու տես, որ Խորհրդային Միության փլուզումից հետո իրենք ընդամենն օգտագործեցին առիթը ՆԱՏՕ-ի առաջնագիծն առաջ մղելու համար, և սահմանը շատ տեղամասերում այսօր ուղղակի Ռուսաստանի սահմանի հետ է անցնում։ ՆԱՏՕ-ն այժմ ձգտում է ուկրաինական ռեսուրսի հաշվին թուլացնել Ռուսաստանը, նախևառաջ՝ մարդկային ռեսուրսի, քանի որ զոհվում են ուկրաինացիները։
Ակներև է, որ ՆԱՏՕ-ն տանուլ է տվել պատերազմը, սա իրենք էլ են խոստովանում։ Այս զորավարժություններով ՆԱՏՕ-ն նախ ստուգում է իր ռեալ մարտավարությունը, փորձում է իր՝ որպես ռազմաքաղաքական կառույցի, արագ արձագանքելու հնարավորությունը հավուր պատշաճի պահել։ Այսինքն՝ հղկում է մարտական հնարավորությունները։ Այս զորավարժություններն իրենց բնույթով լինելով ագրեսիվ հարձակողական՝ գլոբալ առումով կոչված են լինելու արդեն Ուկրաինան տանուլ տալուց հետո բուն ՆԱՏՕ-ի սահմանները, այսպես կոչված, ռուսական ագրեսիայից պաշտպանելու»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայից նահանջելու է, բայց այս զորավարժություններով փորձելու են ամրացնել իրենց բուն սահմանները՝ Մեծ Բալթիկայից մինչև Թուրքիա։
Ինչ վերաբերում է զորավարժություններին Թուրքիայի ներգրավվածությանը, Դավիթ Ջամալյանն ասաց, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ երկրորդն է իր զինված ուժերի ծավալով։
«Լինելով նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին առնվազն 20 տարում Թուրքիան վարում է ինքնուրույն քաղաքականություն, ունի իր ուրույն շահերը, և միշտ չէ, որ Թուրքիայի ագրեսիվ նկրտումները համահունչ են իր գործընկերների հետ։ Թուրքիան փորձում է այդ դաշինքից առավելագույնը ստանալ, նրան չի կարելի դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի հերթական մի անդամ, քանի որ ինքնուրույն գործոն է։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն գիտակցում, որ որևէ սանկցիայով չկարողացան մահացու վնաս հասցնել ռուսական տնտեսությանը։ Հակառակը՝ ռուսական տնտեսությունն աճում է, և մեծ ուշադրություն են դարձնում իրենց պաշտպանական ոլորտին։ Եթե որևէ տնտեսություն տուժել է, ապա ՆԱՏՕ-ի անդամ երկրների տնտեսությունն է տուժել։ Բանը հասել է նրան, որ էներգակիրների թանկ լինելու պատճառով գերմանական տնտեսությունը գահավիժում է։ «Մերսեդես» կոնցեռնն իր ձեռնարկությունները Գերմանիայից դուրս է բերում և տեղափոխում Չինաստան։ Վստահ եմ՝ ՆԱՏՕ-ի այս զորավարժություններին ռուսները կպատասխանեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ռազմական փորձագետը չի կարծում, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի վրա հարձակվել այս զորավարժություններից անմիջապես հետո, քանի որ Ադրբեջանը Հայաստանի վրա կհարձակվի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ Ռուսաստանը կամ Իրանն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ չեն կարողանա միջամտել։
«Ենթադրելի է, որ Ադրբեջանն իր հարվածները Սյունիքին կհասցնի առաջիկա ամիսներին, որովհետև որքան ավելի շատ ուշացնի հարվածը, այնքան դրա արդյունավետությունն իր համար կնվազի։ Մեր դեմ ագրեսիան ուղղակի կապել ՆԱՏՕ-ի զորավարծությունների հետ՝ չեմ կարող, բայց որ Ադրբեջանը հարվածելու է՝ փաստ է։ Իսրայելից Ադրբեջանը սկսել է սպառազինության փոխադրումը՝ իրանական աղբյուրները տեղեկություններ են հրապարակում։
Ի դժբախտություն մեզ՝ Հայաստանի գործող իշխանության հանգամանքն ամենամեծ նվերն է մեր թշնամիներին։ Այսինքն՝ Հայաստանը թուլանում է այն պարզ պատճառով, որ իշխանության ղեկին նստած են թրքամետները։ Այս պարագայում Ալիևն ընդամենը փորձելու է գտնել հարմար ժամանակահատված, որպեսզի նվազագույնի հասցնի ռուսների հատուկ միջամտությունը»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։