Բաժիններ՝

Ինչո՞ւ փակվեց «Օրը ցերեկով» հեռուստածրագիրը

Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ստիպված լքել է «Երևան» հեռուստաընկերությունը: Հաղորդավարուհու հեղինակային «Օրը ցերեկով» ծրագիրը փակվել է: Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց տեսահոլովակների պրեմիերան շատ հաճախ վստահում էին հենց «Օրը ցերեկով» ծրագրին և Դինա Ակոպովնային:

168.am-ը զրուցել է հաղորդավարուհու հետ՝  պարզելու համար, թե  ինչո՞ւ նա այդքան անսպասելի լքեց հեռուստաեթերը: «Ծրագիրն իր ֆորմատով ինֆորմացիոն, ժամանցային ծրագիր էր, որը հատուկ բրենդ ուներ՝ «ցերեկ»: Այն իմ հեղինակային հաղորդումն էր: Բայց «Երևան» հեռուստաընկերությունը նոր պրոդյուսեր ունի, ով ցանկացավ ոչ թե փոխել, այլ փակել ծրագիրը: Ես ունեի իմ վարկանիշը: Դրա մասին փաստում էր իմ հյուրերի քանակը, ծրագրի պահանջարկը՝ չհաշված կոմերցիոն եթերները: Ես շատ զգացված, շոյված և զարմացած եմ իմ հանդիսատեսի նման վերաբերմունքից, ովքեր այս օրերին բողոք էին բարձրացրել հաղորդումը փակելու դեմ: Նրանց արձագանքը նշանակում է, որ Դինա Ակոպովնան այս ամենում մեծ լումա ունի ներդրած»,- ասաց հաղորդավարուհին:

Վերջինս նշում է՝ թեև արդեն հասցրել էր կապվել «Երևան» հեռուստաընկերության անձնակազմի հետ, բայց ստիպված կլինի այլ հեռուստաընկերությունում՝ հարմար աշխատանքի դեպքում, աշխատել: «Ես անհատ հաղորդավարուհի եմ: Վարում եմ համերգներ, երաժշտական տարբեր միջոցառումներ, հիմա մեկնում եմ ԱՄՆ՝ վարելու «Սասնա երգիր» համերգները: Անակնկալ իմ հանդիսատեսին անպայման սպասվում է, բայց ապրիլի 23-ից հետո, երբ վերադառնամ ԱՄՆ-ից: Արդեն ստացել եմ շատ լավ առաջարկ, բայց դեռ որոշում չեմ կայացրել, սպասում եմ այլ առաջարկների ևս, որպեսզի ընտրեմ: Զգացված եմ, որ այսքան մտահոգ է լսարանը ու ուզում է ինձ եթերում տեսնել: Ուզում եմ ասել, որ դուք ինձ թևեր եք տալիս, սիրում եմ Ձեզ շատ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դինա Ակոպովնան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս