Փոստային ծանրոցների դեպքում այլևս մաքսային մարմին այցելելու կարիք չի լինի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցնում է առաքանի, ծանրոց ստանալու դեպքում մաքսային մարմինների հետ շփումները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ փոստով կամ այլ փոխադրողների միջոցով առաքանիներ ստացող քաղաքացիները մաքսային հսկողության անհրաժեշտության դեպքում այլևս պարտադրված չեն լինի առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։
«Այն քաղաքացիները, որոնք առաքանիներ էին ստանում ու մաքսային հսկողության անհրաժեշտություն կար, փոխադրողը հաղորդագրություն էր ուղարկում այն մասին, որ ապրանքը պահվում է «Կարգո» բեռնային համալիրում, անհրաժեշտություն կա մոտենալ մաքսային համապատասխան ստորաբաժանում, որ պարզաբանվի և առաքանին բաց թողնվի։ Մենք հիմա դա տեղափոխել ենք ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ, որն արդեն իսկ թեստային փուլում գործարկվում է։ Կարող ենք ասել, որ վերը նշված դեպքում այլևս մաքսային մարմին այցելելու անհրաժեշտություն չի լինելու»,-ասաց Կարեն Թամազյանը։
ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ արդեն առաքանին բեռնային համալիրում լինելու դեպքում քաղաքացին ծանուցում կստանա կոնկրետ հեռախոսահամարի ու էլեկտրոնային հասցեի վերաբերյալ, որոնցով էլ կարող է կապ հաստատել մաքսային մարմնի հետ ու հարցերը պարզաբանել։ Այսինքն՝ շփումը տեղի կունենա էլեկտրոնային փոստի կամ ներդրվող զանգերի կենտրոնացված համակարգի միջոցով, ինչից հետո ապրանքը բաց կթողնվի փոխադրողին, որի միջոցով էլ քաղաքացին կստանա։
Կարեն Թամազյանը վստահեցրեց, որ համակարգն արդեն գործում է ու քաղաքացիներից դրական արձագանք կա։ Այս պահին իրականացվում են որոշ տեխնիկական շտկումներ՝ գործընթացն առավել սահուն ապահովելու համար։