«Փաշինյանը փորձում է բարձրացնել անձնական վարկանիշը, ժողովուրդը նրան այլևս չի հավատում, հասկացել է, որ սրանց ասֆալտն էլ է կեղծ». Ռաֆիկ Անդրեասյան
2024 թվականը Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցերով, նրա ուշադրության կենտրոնում էր հատկապես վերանորոգված մարզադպրոցներում հագուստի կախիչների, լոգասենյակներում ցնցուղների, դռների բռնակների որակները։ Այցի ընթացքում մանրամասն և կարծես հատուկ թիրախավորված ստուգումներ անցկացնելուց հետո չուշացան Կառավարության որոշումներն Արմավիրի, Լոռու մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին։
168.am-ի հետ զրույցում Ուրցաձորի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը պատահական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը տեսախցիկների առաջ ստորացնում է իր թիմակիցներին, որին հետևում է նրանց պաշտոնանկությունը։ Այդպիսով ինքն իրեն ներկայացնում է՝ որպես «խստապահանջ ղեկավար»։
«Նիկոլ Փաշինյանը շոուների մեծ վարպետ է, այս ճանապարհով փորձում է անձնական վարկանիշը բարձրացնել ժողովրդի աչքում, բայց ժողովուրդը նրան այլևս չի հավատում։ Նա լավ գիտի, կամ էլ կողքի հուշարարները հուշում են, որ միայն այդպես կարող է որոշակի վստահություն ձեռք բերել ժողովրդի կողմից։ Նրան հավատում են միայն այն մարդիկ, որոնք չեն գիտակցում, թե ինչ է պետության անվտանգությունը, պետության ղեկավարի կարևոր գործառույթները, մնացածի համար սա ընդամենը շոու է։ Իրեն թվում է, թե ժողովուրդը պիտի ասի, թե՝ տեսեք, Նիկոլ Փաշինյանը հետևողական է, խնդրի հետևից գնում է»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այսօր ժողովրդի մտածողությունը բավականին փոխվել է, նրան արդեն անհնար է խաբել շոուներով, ինչպես տեղի ունեցավ 2018 թվականի հեղափոխության ժամանակ։
«Այն ժամանակ, որ մարդկանց հետ խոսում էինք, կլանված Նիկոլին էին լսում, հիմա, հավատացեք, այդպես չէ, նույնիսկ մարդիկ կան, որ նրա ձայնից են արդեն զզվում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռաֆիկ Անդրեասյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մարզեր այցելելով ու կախիչների որակը ստուգելով՝ ավելի ու ավելի է վտանգում Հայաստանը, իսկ նրան հեռացնելու և երկիրը փրկելու միակ ճանապարհն ուժեղ ընդդիմություն ունենալն է։
«Իհարկե, այսօր լուրջ ընդդիմադիր մարդիկ ունենք ու քաղաքական ուժ ունենք, որոնք մշտապես կանգնած են եղել պետության ու ընտանիքի կողքին, դրանք նրանց համար արժեք են, նրանք մտահոգված են, բայց այդ մարդիկ միայնակ չեն կարող որևէ բան փոխել։ Ընդհանուր ընդդիմադիր դաշտը պետք է ոտքի կանգնի։
Ես այդքան ժամանակ պաշտոն եմ զբաղեցրել, բայց երբեք չեմ տեսել, որ երկրի ղեկավարն այցելի մարզ ու այդպես վարվի մարզպետի հետ, չեմ էլ տեսել, որ երկրի ղեկավարն անձնական փիառով զբաղվի, բայց երկիրը տանի դեպի կորածանում։
Ի վերջո, բոլորս էլ պիտի հասկանանք, որ այս իշխանությունը չի ծառայում մեր պետությանը, նրանք միայն պահում են իրենց աթոռը, այլ բանի մասին չեն մտածում։ Սրանք միայն իրենց են ռեկլամ անում, ժողովուրդն էլ է արդեն հասկացել, որ սրանց ասֆալտն էլ է կեղծ»,- շեշտեց Ռ. Անդրեասյանը։
Նրա բնորոշմամբ՝ պաշտոնյաները, որոնց տեսախցիկների առջև ստորացրեց Նիկոլ Փաշինյանը, նրանք ավելի ստոր են գտնվել, որ մինչև այսօր մնացել են Փաշինյանի թիմում։
«Այդ պաշտոնյաներն արժանի են նման ստորացման, նրանք լինելով տարբեր կուսակցության ներկայացուցիչներ՝ մխրճվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում։ Նիկոլի համար թիմ, ընկեր, բարեկամ՝ միևնույն է, նա ինքնասիրահարված մարդ է, այդպես էլ պիտի լիներ։ Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի արած գործերն անուրանալի են, իսկ կան նախկիններ, որոնք մնացին Նիկոլ Փաշինյանի հետ ու աշխատեցին, նրանց նկատմամբ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում»,- եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։