ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. տուժածներ չկան
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 13։48-ին ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Volkswagen» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակում»- ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ., և երկու ուղևոր)։