«Շնորհակալություն, որ ինձ հիշել են». Դավիթ Հովհաննիսյանը` իր անունը Ազատության հրապարակում հնչեցնելու մասին

Ինչպես հայտնի է, երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ քաղաքացիական բաց խորհրդի առաջին նիստը, որի բանախոսներն էին ընդդիմադիր շարժման ակտիվ գործիչներից` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև արաբագետ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, քաղաքացիական խորհրդի նիստերը սկզբնավորման հիմք հանդիսացել մասնավորապես Նիկոլ Փաշինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին կատարված առաջարկը`իշխանափոխության պայքարին զուգահեռ` անմիջապես Ազատության հրապարակում ձևավորել այլընտրանաքային Նոր կառավարություն:

Երեկ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հրապարակի հարթակից հնչեցրին մի շարք հայտնի գործիչների և մասնագետների անուններ, ովքեր կարող են ընդգրկվել այլընտրանքային կամ ստվերային կառավարության կազմում:

Այդ անունների թվում հիշատակվեց նաև հայտնի արևելագետ, իսլամագետ, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ 168.am-ը փորձեց ստանալ Դավիթ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե արդյոք նա կընդունի՞, թե՞ կմերժի առաջարկը` ընդգրկվելու Նոր կառավարության կազմում: Ի պատասխան` Դավիթ Հովհաննիսյանը զերծ մնաց դրա վերաբերյալ որևէ գնահատական տալուց և նշեց, որ ընդունելու կամ մերժելու խնդիր չկա, քանի որ առաջարկություն չի եղել, այլ պարզապես հնչել են անուններ:

«Այդ մարդիկ շատ կիրթ են, և որևէ առաջարկություն անելուց առաջ նախ ինձ հետ կխոսեին»,- նշեց նա:

Կարդացեք նաև

«Ինչ ասեմ, շնորհակալություն, որ ինձ հիշել են: Կարծում եմ` առաջարկություն չկա, որպեսզի մտածեմ` ընդունել այն, կան չընդունել, այլ պարզապես, որքան ես գիտեմ, տրվել են այն մարդկանց անունները, ովքեր իրենց տեսակետից կարող են այս պետությանն օգտակար լինել»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Իսկ մեր հարցին` ամեն դեպքում Դավիթ Հովհաննիսյանը, իշխանափոխության դեպքում, իրեն տեսնո՞ւմ է Նոր կառավարության կազմում` որևէ դերակատարությամբ, նա պատասխանեց.

«Գիտեք, հիմա տեսական հնարավորությունները քննարկելն ընդհանրապես իմաստ չունեցող գործ եմ համարում: Ես նախկինում երևի թե ունեցել եմ հնարավորություններ դիրքեր զբաղեցնելու, և առանձնապես չեմ ձգտել: Երբ ինչ-որ քննարկելու բան լինի, կքննարկենք»:

Տեսանյութեր

Լրահոս