ՄԻՊ-ը վստահեցրեց՝ «երբեք չեմ դառնալու քաղաքական գործիչների կամ ուժերի ձեռքին գործիք», լրագրողները հիշեցրին Ալեն Սիմոնյանի թքելու դրվագն ու Փաշինյանի կոչերը
Կառավարության նիստից հետո լրագրողները, ի թիվս այլ հարցերի, Անահիտ Մանասյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիտարկումներ ունի Մարդու իրավունքի միջազգային օրվա առթիվ իր ղեկավարած գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայի մասին:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, տարբեր քաղաքացիներ, իրավապաշտպաններ խորհրդանշական ակցիա էին կազմակերպել ՄԻՊ գրասենյակի մոտ՝ «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով: Կուսակցության երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են տարել ՄԻՊ գրասենյակի մոտ:
«Անկեղծ ասած, մեր աշխատանքի հետ կապված դժգոհություններ բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք են սովորաբար ներկայացնում,- արձագանքեց նա՝ նկատելով, որ իր համար կարևոր է լսել տարբեր տեսակետներ, բայց դրանք պետք է ներկայացվեն իրավաչափ եղանակով,- ՀՀ-ում, բնականաբար, և ինձ համար կարևորություն ներկայացնող մի իրավունք կա՝ խոսքի ազատությունը, բայց կարևորում եմ նաև, որ այն իրացվի իրավաչափ եղանակով:
Ենթադրում եմ՝ տարբեր քաղաքական գործընթացներին վերաբերելի հարցեր են, և ենթադրում եմ՝ հիմնական գաղափարը կայանում է հետևյալում:
Ես երբևէ՝ որպես ՄԻՊ և այլ պաշտոնում, չեմ դառնալու գործիք քաղաքական տարբեր ուժերի ձեռքում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են։ Իմ գործունեությունն իրականացնում եմ բացառապես իրավական սկզբունքների և ՄԻՊ իրավունքներին վերաբերելի արժեքների հիման վրա։ Անում եմ եզրահանգումներ բացառապես այն դեպքում, երբ ունեմ վստահություն, որ կարելի է նման եզրահանգումներ անել: Իսկ այն հիմնական գաղափարները, որ հնչեցվում են, տարբեր տեսակի՝ օրինակ, գործունեությունը ոչ պատշաճ կամ ոչ ամբողջական իրականացնելու առնչությամբ, դրանք հիմնականում քաղաքական բնույթ ունեցող դիտարկումներ են, ավելին ասեմ՝ դրանք դիտարկումներ են, որոնք կարող են հանգեցնել նրան, որ ՄԻՊ-ը, այո, դառնա քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի ձեռքին գործիք: Ես այդպիսին չեմ դառնալու և, ինձ համար շատ կարևոր է երաշխավորել, որ ՄԻՊ հաստատությունն այդպիսին երբևէ չդառնա»։
Լրագրողները հակադարձեցին՝ բա այդ դեպքում, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա, ինչո՞ւ ՄԻՊ-ը չաձագանքեց, կամ, երբ երկրում երկակի ստանդարտներ են՝ ընդդիմադիրներին չի կարելի խոսք հնչեցնել, նրանց վրա քրեական գործեր են հարուցվում, իսկ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կարող է ասել՝ ասֆալտ կերեք, բորդյուր լիզեք…
«Ես բացառապես իրավական գործիքներով եմ խոսում բոլոր պետական մարմինների հետ»,- արձագանքեց Անահիտ Մանասյանը՝ այդպես էլ իրեն հատուկ ձևով հստակ չպատասխանելով լրագրողների հնչեցրած հարցերին: