Բաժիններ՝

Ուրցաձորում հոսանքահարվել և սատկել են 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ

Այսօր՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Նշված մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հովիկ Հայրումյանի մայրը՝ 80-ամյա Լիդա Հայրումյանը, առավոտյան մտնում է իրենց անասնագոմ և հայտնաբերում, որ 12 խոշոր եղջերավոր անասունները սատկել են:

Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին մայրն ու որդին տեղեկացնում են գյուղապետին և գյուղի անասնաբույժին: Պարզվում է, որ անասունները սատկել են էլէկտրահարման հետևանքով, քանի որ անասնագոմի վրայով անցնում են էլէկտրական լարեր, որոնք անցկացվել են էլեկտրացանցի կողմից և երեկ տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով էլէկտրական լարերը կպել են անասնագոմի երկաթե տանիքին, ինչի հետևանքով էլ անասունները էլեկտրահարվել և սատկել են:

Հ. Հայրումյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է, որ էլ. ցանցի աշխատակիցը, ժամանելով նշված վայր, նայել է նախ գոմի ներսը, ապա՝ բարձրացել տանիք, ինչից հետո գլուխը կախ հեռացել է՝ ոչինչ չասելով:

Ժամանել է նաև գլխավոր անասնաբույժը, տարել են սատկած անասունների մսից նմուշներ, որպեսզի պարզեն, թե ինչի հետևանքով են սատկել անասունները: Փորձանմուշների պատասխանները կստանան 5 օրից, սակայն չեն ասում, թե քաղաքացին որտեղ է պահելու այս միսը:

Ֆոտոլրագրողը կատարվածի մասին խոսել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է կատարվածի մասին և պետք է հասնեն նրան, որ էլ. ցանցից քաղաքացին փոխհատուցում ստանա, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ էլ. ցանցի մեղքով գյուղացիները վնասներ են կրում: Եղել են նաև դեպքեր, որ հոսանքների տատանումների պատճառով վնասվել են մարդկանց էլեկտրատեխնիկան:

Մարզպետի հանձնարարականով արդեն գյուղ են ժամանում փոխմարզպետն ու մարզի անասնաբույժը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Հայրումյանի ընտանիքը գոյատևում է նշված խոշոր եղջրավոր անասունների հաշին, իսկ հիմա եթե պատկան մարմինները օգնություն չցուցաբերեն, ապա նա չգիտի, թե ինչպես հոգա ընտանիքի սոցիալական խնդիրները:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս