Հայաստանը ՏՏ ոլորտում Էստոնիայի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ է տեսնում

Այս տարի Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները աչքի են ընկել բավականին ակտիվ քաղաքական երկխոսությամբ, հագեցած փոխադարձ այցելություններով և միջազգային հարթակներում շփումներով և քաղաքական խորհրդակցություններով։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել մեր այսօրվա քննարկումները, որոնց ընթացքում մենք պատրաստակամություն ենք հայտնել ձեռնարկել գործուն քայլեր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ներկա դինամիկան պահպանելու և օրակարգի ընդլայնման ուղղությամբ։

Այսօր հնարավորություն ունեցանք քննարկել հարցերի բավականին լայն շրջանակ։ Բացի ընդլայնվող քաղաքական երկխոսությունից, կարևորել ենք նաև երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ինչպես նաև թիրախային ոլորտներում սերտ համագործակցության զարգացման ներուժի առավելագույնս օգտագործումը։

Մասնավորապես, կցանկանայի ընդգծել երկու երկրներում ակտիվորեն զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման շոշափելի հնարավորությունները։ Իհարկե, այս ոլորտը մեծապես փոխկապակցված է նաև կրթության, գիտության բնագավառների հետ, որտեղ մեր կարողությունները համադրելու ներուժ ևս ունենք»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում Էստոնիայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և երախտագիտություն հայտնել այս կարևոր ճանապարհին իրենց կողքին լինելու համար։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերին և երկու երկրների խորհրդարաններում առկա պատգամավորական բարեկամական խմբի ակտիվ համագործակցությանը։

Բացի այդ, ըստ Միրզոյանի՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստան-Եվրամիության գործընկերությանը առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն ուղղված քայլերին, իսկ տարածաշրջանային կայունության համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը և առաքելությունում Էստոնիայի մասնակցությունը։

«Տեղյակ եք, որ երկու օր առաջ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը Բրյուսելում ընդունեց առաքելության ընդլայնման մասին որոշումը, ինչ մեծապես ողջունվում է մեր կառավարության կողմից։

Ես վերահաստատել եմ Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հարաբերությունները խորացնել Եվրոպական Միության հետ այնքան, որքան Եվրոպական Միությունը դրանք հնարավոր կհամարի»,- ընդգծեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս