Անահիտ Մանասյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։ Այս համատեքստում Պաշտպանն անդրադարձել է դեկտեմբերին Թբիլիսի կատարած իր այցին, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի և Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ:
Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի պաշտպանությանը, ընդգծել է շարունակական մասնագիտական կրթության արդյունավետ ընթացակարգերի ապահովման, ոստիկանության ծառայողների գիտելիքների և կարողությունների զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը հյուրերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։
Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
Հանդիպման շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: