Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում մարդասիրական օգնության կողոպուտը շարունակվում է

Գազայում օգնության շարասյուները շարունակում են թալանվել, քանի որ բնակչությունը կանգնած է սովի և հուսահատության եզրին։ Այդ մասին հայտնել է Պաղեստինին ուղարկվող մարդասիրական օգնությունները համակարգող Լին Հասթինգսը:

Գազայի հատվածում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հարցերով տնօրեն Թոմաս Ուայթն իր հերթին ասել է, որ ՄԱԿ-ի մեքենաները քարկոծվել են Գազայում, և օգնության որոշ ավտոշարասյուներ թալանվել են, իսկ հակամարտության գոտում քաղաքացիական կարգուկանոնը խաթարվում է։

«Գազայում մարդասիրական օգնության կողոպուտը շարունակվում է, բայց ես չեմ խոսի թալանի մասին, պետք է հստակ հասկանալ, որ բնակչությունը սոված է և հուսահատ», – հայտարարել է Ուայթը։

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը մերժել է զինադադարի բոլոր կոչերը, չնայած համաձայնել էր 7-օրյա հումանիտար հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող շուրջ 100 գերի փոխանակվեց Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս