ՊԵԿ-ը հորդորում է օգտվել արտոնություններից ու մաքսազերծել ավտոմեքենաները մինչև տարեվերջ
2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Նշենք, որ պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար 70%-и չափով։
Կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ. hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։
Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ-վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։
Ծրագրի մանրամասները` այստեղ.