ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականն անդրադարձել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակին
Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քատուղարի օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։