Բաժիններ՝

Բայդենն ակնարկել է Նեթանյահուի հետ տարաձայնությունների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ տարիների ընթացքում տարաձայնություններ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, և այժմ էլ այդ տարաձայնություններն առկա են։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հրեական Խանուկա տոնի կապակցությամբ Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ։

Բայդենը հիշատակել է, որ Նեթանյահուին ճանաչում է արդեն 51 տարի, և որ Նեթանյահուի աշխատասեղանին դրված է իրենց երկուսի նկարը՝ երիտասարդ տարիքում։ ԱՄՆ նախագահը նշել է նկարի վրա իր կողմից արված մակագրության մասին։

«Ես դրա վրա գրել եմ «Բիբի՛ (խմբ․՝ Բենյամին Նեթանյահուի մականունը), ես քեզ սիրում եմ, բայց քո ոչ մի ասածի հետ համաձայն չեմ»։ Այսօր էլ գրեթե նույնն է», – նշել է Բայդենը՝ նաև հայտնելով, որ տարիների ընթացքում Իսրայելի որոշ ղեկավարների հետ տարաձայնություններ է ունեցել։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելը հիմա «դժվարին» վիճակում է։ Բայդենը շեշտել է, որ չնայած տարաձայնություններին՝ անկախ իսրայելական պետությանն իր հանձնառությունն «անխախտ» է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բայդենը նաև խոստացել է զենք մատակարարել Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ հրեական պետությունն ամբողջությամբ չի ազատվել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումից։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 240-ին։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը 18 205 է, գրեթե 50 000 մարդ վիրավորվել է։

7-օրյա հրադադարի ընթացքում, որն ավարտվեց դեկտեմբերի 1-ին, ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել շուրջ 100 պատանդի, որոնց դիմաց Իսրայելն ազատել էր բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս