Գոյ թատրոնը Մայր թատրոնին միացնելու դեմ հայցադիմումը վարչականից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի անձնակազմը չի ցանկանում միանալ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:
Նրանք պայքարում են ՀՀ կառավարության այդ որոշման դեմ և հույս ունեն, որ հնարավոր կլինի հարցի շուրջ որևէ համաձայնության գալ:
Այս մասին նրանք ասացին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, իսկ «Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության՝ «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու որոշման դեմ իրենց հայցադիմումը վարչական դատարանից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան:
«Վարչական դատարանում մենք վիճարկում ենք ՀՀ կառավարության կողմից կայացված որոշումը, որը միանշանակ օրենքի ուժով կասեցվել է: Դրանից բխող որոշումներ պետական մարմինը կայացնելու իրավունք չունի: Վարչական դատարանը վարույթ է ընդունել, նիստ է հրավիրել, ընդ որում ՀՀ կառավարության կողմից ներկայացվել էր միջնորդություն դատարանին, որը մերժվել էր: Միջնորդությունն այն մասին էր, որ չեղարկվի որոշման կասեցումը: Դատական նիստը պետք է կայանար ու քննվեին հայցի էական հանգամանքները: Դատական նիստը տևեց երկար. տեխնիկական հարցեր էին քննարկվում, և դատարանը բացահայտեց, որ ՀՀ կառավարությունը որպես հիմնադիր է հանդես եկել և, քանի որ որպես հիմնադիր նա չի հանդիսանում վարչական մարմնի վարչական ապարատ, ուստի գործը քաղաքացիական դատարան հասցեագրելու հիմքեր են առաջացել»,-պատմեց Ասատրյանը:
Փաստաբանի խոսքով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռ չկա փաստաթուղթ, որը հիմնավորի, որ այդ գործը այս պահին վարույթ է ընդունվել: «Մինչ այս պահը նման փաստաթուղթ չկա: Այն, որ կա վարչական դատարանի որոշում, որ վերահասցեագրվում է քաղաքացիական դատարանին, դա փաստ է»,-ընդգծեց Ասատրյանը:
«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Արզումանյանն էլ ներկայացրեց «Գոյ» թատրոնի՝ 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 30-ը գրանցած ցուցանիշները, որոնք հաստատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նա շեշտեց՝ դեկտեմբերի արդյունքները դեռ չեն ամփոփել, քանի որ ամիսն ավարտված չէ:
«Մենք 2023-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը պետք է խաղայինք 82 ներկայացում, սակայն մենք արդեն խաղացել ենք 89 ներկայացում, հանդիսատեսի քանակը պետք է ամբողջ տարվա ընթացքում լինի 6 հազար 560, ներկա դրությամբ 6 հազար 255 է, տարվա կտրվածքով թատրոնի եկամուտը պետք է կազմի 11 մլն 326 հազար 500 դրամ, դեռ 10 մլն 517 հազար 200 է, տարվա ընթացքում պետք է լիներ երկու առաջնախաղ, սակայն մենք այս տարի ունեցել ենք 5 առաջնախաղ: Այս ամենն այն դեպքում, որ թատրոնի հիմնադրման 35-ամյակի առթիվ շուրջ մեկ ամիս մենք անվճար ենք խաղացել»,-նշեց Սարգիս Արզումանյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ հիշեցրեց, որ շարունակելու են իրենց բնականոն գործունեությունն ու տեղեկացրեց՝ դեկտեմբերի 9-ին խաղալու են «Լոնդոն Blues» ներկայացումը: