«Էդ ի՞նչ եք դարձրել երկրի նախագահին, որ վեր կենա, գնա Օպերա, վիդետելի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին` ասաց, թե իրենք դեռ չեն ծանոթացել ցուցակներին:

«Նախագականի և քաղաքապետի ընտրությունների միջև մեծ տարբերություն կա, որովհետև էնտեղ անձերի մասին ենք խոսում, անձերն են ֆավորիտ, այստեղ ցուցակներն են ֆավորիտ:

Չի լինում, որ մենք ընտրենք քաղաքապետ, Տարոն Մարգարյանին ընտրում ենք քաղաքապետ, այլ ընտրում ենք ավագանու անդամներին, ովքեր իրենց շարքերից ընտրում են քաղաքապետ: Այնպես որ՝ Հանրապետականը լիովին վստահ է իր ուժերին, և կարծում եմ, որ մենք պիտի հաղթանակ տանենք ավագանու ընտրություններում»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորն այնուհետ անդրադարձավ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Հարցին, թե մինչև ո՞ւր կտանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այս հացադուլը, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Կոնտեքստից պիտի դուրս գամ, պիտի ասեմ իմ սեփական կարծիքը: Դրանք հետընտրական զարգացումներ չեն` իմ խորին համոզմամբ: Դրանք հետընտրական գործընթացներ են, որոնցով խաթարվում է մեր երկրի բնականոն կյանքը և քաղաքական ճգնաժամ է առաջացնում, որը շատ բացասական հետևանքներ է ունենում մեր ժողովրդի և’ կենսամակարդակի, և’ պաշտպանուկանության վրա, և’պետականության զարգացման վրա, և լիովին համոզված եմ, որ դա թելադրված է դրսից:

Կարդացեք նաև

Այն երկրները, այն հետախուզական ծառայությունները, չուզողները միշտ կուզենային, որ Հայաստանում լինի քաղաքական ճգնաժամ, թե դա ի՞նչ ռակուրսով կներակայացվի հասարակությանը, հասարակությունն ինչպե՞ս կընդունվի, դա արդեն հասարակության գործն է, բայց ամեն մեկը, հասարակության ամեն մի անհատ, ամեն մի խումբ ըստ իրեն է ընկալում այդ քաղաքական զարգացումները: Նրանք, իհարկե, խորապես չեն տիրապետում, թե այդ հետընտրական գործընթացներն առանձին մարդկանց շահադիտական շարժում է, առանձին կազմակերպությունների ձգտումն է ամեն գնով իշխանությնա հասնել, և ի վերջո, այս քաղաքական հետընտրական լարվածությունը միայն ու միայն վնաս է մեր ժողովրդին»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ հանգացուլում է տեսնում ներկա իրավիճակից, արդյո՞ք բացառում է, որ Սերժ Սարգսյանը կայցելի Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին, և իշխանությունները կոմպրոմիսի կգնա՞ն, Հ. Հարությունյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ, չեմ կարող Սերժ Սարգսյանի տեղ պատասխանել, բայց որ ես լինեմ, սկի դեպի Օպերա էլ չեմ նայի: Ես խոսում եմ իմ անունից` Համլետ Հարությունյան: Ես իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու: Եթե ես լինեի նախագահի տեղը, դեպի Օպերա էլ չեմ նայի, ի՞նչ մնաց, թե գնամ: Էդ ի՞նչ եք դարձրել երկրի նախագահին, որ վեր կենա- գնա Օպերա, վիդետելի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ:

Ի՞նչ ա՝ նախագահը կաբինետ չունի՞, ո՞վ ա իրավունք տվել, որ նախագահի ինստիտուտի նկատմամբ էդպիսի վերաբերմունք ունենան: Էդ ի՞նչ ա նշանակում, մի հատ ինձ բացատրեք: Րաֆֆին իր մոտ է հրավիրել երկրի նախագահին, նախագահը, որ գնա էլ, ես դրան դեմ եմ: Եթե խորհրդի նիստ լինի, ես էսպես ձեռս կտնգեմ, կասեմ` ես դեմ եմ, Դուք եք ուզում` ուզում եք գնացեք, ուզում եք` մի գնացեք»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե ինչ-որ մեկը նշանակվի կամ ընտրվի (էդ բառը ես կատակով եմ ասում) ընդդիմության լիդեր, այդ ժամանակ հանգուցալուծումը կլինի: Այսօր պայքարը նախագահի աթոռի համար անիմաստ, անհեռանկարային է, ա’յ, ընդդիմության լիդերի համար այդ պայքարը շատ տեղին է և ժամանակին»:

Տեսանյութեր

Լրահոս