Արդյոք Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակ գնալու վճռականություն կունենա. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով իշխանության մեջ ներկայումս քննարկվում է Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ գնալու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը: Դա դիտվում է որպես ստեղծված փակուղուց դուրս գալու միակ հնարավորություն:
Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ և համապետական երաշխավորված լուծում առաջարկի, ապա ինքը կդիտարկի հացադուլից դուրս գալու հնարավորությունը:
Երեկվա ասուլիսում Հովհաննիսյանը հավելել է. «Ես շատ կոնկրետ, շոշափելի առաջարկներով գնացել էի Բաղրամյան 26 և ներկայացրել իմ մոտեցումները: Ես նոր առաջարկ չունեմ և եթե պարոն Սարգսյանը ինձ ասելիք ունի, թե ինչպես է ինքը պատրաստվում լուծել համապետական այս հիմնախնդիրը, պատրաստ եմ իրենից լսել իր առաջարկները, և ես կորոշեմ՝ ընդունել, թե մերժել»:
Հակառակ պարագայում, ինչպես նշել է Հովհաննիսյանը, իր հացադուլը շատ երկար կտևի: Արդյոք Սարգսյանն այնքան վճռականություն կունենա կոնկրետ առաջարկով Ազատության հրապարակ գնալու համար, կերևա առաջիկայում»: