Հրապարակվել է «Wikileaks»-ի հետ համագործակցության մեջ մեղադրվողի գաղտնի ձայնագրությունը
«Freedom of Press Foundation» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր իր կայքում հրապարակել է «Wikileaks»-ի հետ համագործակցության մեջ մեղադրվող, ԱՄՆ-ի բանակի շարքային Բրեդլի Մենինգի գաղտնի խոստովանության ձայնագրությունը:
«Մենք ցանկանում ենք համոզվել, որ մեր սերնդի ամենանշանավոր գաղտնազերծողի ձայնն ամբողջ աշխարհում լսելի կդառնա` այս բառի տառացի իմաստով»,-ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Մենք հուսով ենք, որ այս ձայնագրությունը լույս կսփռի նորագույն պատմության առավել գաղտնի դատական գործընթացներից մեկի վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Աուդիոձայնագրության մեջ մեղադրյալ Մենինգը խոստովանում է, որ «Wikileaks»-ի հետ իր համագործակցության մոտիվը եղել է Իրաքում ամերիկացի զինվորների կողմից ցուցաբերած դաժանությունը: Նա զինվորներին համեմատել է «խոշորացույցով մրջյուններին խոշտանգող երեխաների հետ»: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»: