Ընթացքը
Մոլի ծխող արվեստագետը գնում է եկեղեցի, կանգնում խորանի առջև և ասում.
– Խոստանում եմ` այլևս չեմ ծխի, հատկապես բժիշկը նշեց, որ ծխելու պատճառով առողջությունս վատ վիճակում է հայտնվել:
Բայց այդպես էլ չի ստացվում խոստումը պահել. կարճ ժամանակ անց նորից է շարունակում ծխել և նեղսրտած գալիս է վանք, հանդիպում ծեր վանականին և ասում.
– Ինչքան փորձեցի պահել խոստումս, չստացվեց, նույնիսկ սկսեցի ավելի շատ ծխել:
Վանականը պատասխանում է.
– Քո խնդիրը նրանում է, որ ամեն երեկո, սովորույթի համաձայն, այն ավտոբուսն ես նստում, որը տանում է դեպի խաղատուն և այդտեղ իջնելով չես դիմանում գայթակղությանը. գնում ու մասնակցում ես ոչ միայն այդ խաղերին, այլև նորից սկսում ես ծխել: Պետք է ճանապարհի ընթացքը փոխել: Ամեն երեկո այն ավտոբուսը նստիր, որը դեպի եկեղեցի է տանում և ժամերգությանը մասնակցիր: Եվ Աստծո օգնությամբ կազատվես այդ մեղքից:
Մենք պետք է մարմնավոր կյանքի համակարգից դուրս գանք և Սուրբ Հոգու առաջնորդությամբ ապրենք հոգևոր կյանքի համակարգում, որպեսզի հոգևոր ձգտումներում հնարավորինս չձախողվենք: Իրականում շատերս շարունակում ենք ապրել մեղավոր կյանքի համակարգում, դրա համար էլ ձախողումները չափից շատ են լինում, որովհետև մեր կյանքի ընթացքը չենք փոխում..
Հովհաննես Մանուկյան