Պրոֆեսոր Միքայել Մինասյանի ընկերները ցավով են խոսել նրա վախճանի մասին՝ հպարտանալով, որ ճանաչել են նրան
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մինասյանի մահվան մասին ցավով են խոսել նրա ընկերները՝ միաժամանակ հպարտանալով, որ նրան անձամբ ճանաչել են, միասին լավ ժամանակ են անցկացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շիրակ» միջազգային միության նախագահ Մուրադ Մուրադյանը ընկերոջ մասին խոսելով նշել է, որ Միքայելը վառ անձնավորություն էր: «Նա և խորհրդային իշխանության, և հետխորհրդային տարիներին իր լուրջ դերակատարությունն է ունեցել երկրի և հատկապես մայրաքաղաքի կայացման գործում: 10 տարուց ավելի նա ղեկավարել է Երևանի գիտության և կրթության խոշոր կենտրոններից մեկը` 26 կոմիսարների անվան շրջանը: Նրա աշխատած տարիներին այդ շրջանը բավականին լայն թափով սկսեց առաջ շարժվել թե արդյունաբերության գծով, թե կուլտուրայի, թե գիտության»,- ասել է նա: Մուրադյանի բնորոշմամբ՝ նա բնավորությամբ շատ անհանգիստ մարդ է եղել, անընդհատ ընդդիմացել է իր մտահաղացումների կատարման գործին խանգարողների դեմ: Նրա խոսքով՝ Մինասյանը մտահոգված էր խեղված ճակատագիր ունեցած մարդկանց հարցերով:
Հասարակական-քաղաքական գործիչ, 1978-89 թթ. ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարար, Հայրենական պատերազմի մասնակից Խաժակ Դրամփյանն էլ նշել է, որ կուսակցական գործչի, հմուտ կազմակերպչի հատկանիշերը լավագույն ձևով դրսևորվեցին Միքայել Մինասյանի մոտ, երբ նա գլխավորեց մայրաքաղաքի գիտական և արդյունաբերական կենտրոն հանդիսացող 26 կոմիսարների անվան շրջանը. «Իր գործունեության ընթացքում մեծ ներդրում է ունեցել էկոնոմիկայի, գիտության, կրթության, մշակույթի բնագավառում: Մեծ է Մինասյանի ծառայությունը հայրենիքի, հայ ժողովրդի զարգացման ու կայացման գործում»,-ասել է նա: Խաժակ Դրամփյանը հիշել է, թե ինչպես էին Միքայել Մինասյանի հետ բազմիցս ճաշել կենտկոմի շենքի ճաշարանում: «Ամռան ամիսներին Միքայելի հետ հաճախակի էինք քաղաքից դուրս գալիս: Այդպիսի հարցերում նա նախաձեռնող էր»,- ասել է Դրամփյանը:
Հյուսիսային համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Գրիգոր Ասատրյանը հիշում է, որ Միքայել Մինասյանը հայրենասիրական պաթոսով էր մասնակցում հարցերի քննարկմանը, օգնում էր իր առաջարկություններով, խորհուրդներով, փորձով, որպեսզի ընդունվեին ճիշտ ու իրատեսական որոշումներ, որոնք կծառայեին մեր հանրապետության ու մայրաքաղաքի առաջընթացին: «Միքայել Մինասյանը գիտեր, որ հեղինակությունն ու հարգանքը, անունն ու պատիվը չեն գալիս ցուցադրական փայլով ու փողերի ու թմբուկների ներքո, այլ նվաճվում են ազնիվ ու արդար աշխատանքով: Նա իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր սկզբունքներին, որդեգրած գաղափարներին, իր դավանանքին, իր կենսական կրեդոյին` ծառայեց մարդկանց, ժողովրդին ու հայրենիքին: Թողեց լավ անուն ու հիշատակ, լավ գործեր, լավ սերունդ դաստիարակեց` որդի, թոռ, որոնք արժանապատիվ կերպով կշարունակեն նրա թողած գործերը»,- ասել է Ասատրյանը:
Ութսունվեց տարեկան հասակում մարտի 11-ին մահացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտչի Մինասյանը: Միքայել Մինասյանը շուրջ տասը մենագրությունների, յոթանասուն գիտական հոդվածների եւ քաղաքագիտական թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ է, մասնավորապես, «Քաղաքական գործունեություն եւ անհատ», «Քաղաքական լիդեր», «Քաղաքական էլիտա», «Ժամանակը, մարդը և նրա գործը», «Քաղաքական կուլտուրա»: Պրոֆեսոր Մինասյանը շուրջ քսան տարի վարել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնը, քսանից ավելի տարի մասնակցել է Երեւանի գիտության, բարձրագույն եւ միջնակարգ կրթության ղեկավարմանը: Անվանի գիտնականի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին` ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 13-ին` ժամը 12:00-14:00-ին, նույն վայրում: