Իսրայելից հատուկ չվերթով ուղևորված ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքներն արդեն Հայաստանում են
ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն արդեն ժամանել են Հայաստան։
ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ:
Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր ընտանիքին է բերել հայրենիք և մտադիր է կրկին վերադառնալ Իսրայել՝ հոգևոր ծառայությունը շարունակելու։
«Ընտանիքիս եմ բերել։ Նրանք կմնան որոշ ժամանակ, մինչև հանդարտվի, բայց ես ծառայության մեջ եմ։ Կարճ ժամանակահատվածում պիտի վերադառնամ, որպեսզի համայնքում լինեմ»,-ասաց հոգևորականը։
Իսրայելի Աշդոտ քաղաքից հատուկ չվերթով Հայաստան ժամանած Անգելինա Բալոյանը, ներկայացնելով այնտեղ տիրող իրավիճակը, մանրամասնեց, որ հատկապես շատ էին վախենում երեխաները։
«Երեխաները քնից վեր էին թռչում և ասում՝ մայրիկ նորից տագնապի ազդանշաննե՞ր են։ Ուղղակի պատմելու չէ, թե ինչ է ապրում մայրը նման պահերին։ Մեզ մոտ համեմատաբար ոչ այդքան լարված էր վիճակը, սակայն վերցրել էի պաշտպանվելու համար ինչ-որ բաներ և գիշերը նստած էի լուսացնում՝ վախենալով յուրաքանչյուր աղմուկից ու վախով, որ ինչ-որ մարդիկ կներխուժեն։ Այժմ երեխաներիս հետ եկել եմ, իսկ ամուսինս մնացել է այնտեղ»,-պատմեց նա։
Հայֆա քաղաքից դստեր և նորածին թոռան հետ հայրենիք ժամանած Նաիրա Առաքելյանը նշեց, որ զավակների ու թոռների կյանքի համար շարունակ վախենալով էր անցնում իր առօրյան։