«Ասում են՝ գնացեք հարմար տուն գտեք. միոտանի մարդու հետ ինչպե՞ս գնամ-գտնեմ». բուժառու արցախահայերը՝ նախարարությունում էին

Այվազովսկի 29, «Սպիտակ տուն»՝ ահա այս հասցեում են մի քանի ամիս շարունակ ապաստանում շրջափակման օրերին «Կարմիր խաչի» մեքենաներով Արցախից Երևան տեղափոխված բուժառու արցախահայերի ընտանիքները:

Այսօր այդ ընտանիքների տարբեր անդամներ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում էին, քանի որ հյուրանոցի տերը տեղեկացրել է՝ պետությունն իրեն այլևս չի վճարում:

«20-ից ավելի ընտանիք էինք, մնացել ենք 9 ընտանիք: Մեր բուժումը շարունակվում է:

Մեր հյուրանոցի տերն ասում է՝ քանի որ չեն ֆինանսավորում, պետք է դուրս գաք: Այսինքն՝ այն իրավիճակում ենք հայտնվել, որ պետք է մնանք դրսում: Երկու շաբաթ առաջ եկել ենք Սոցապ նախարարություն, մեզ հավաստի ասել են՝ դուրս չեք գալու. ամեն ինչ անելու ենք, որ մնաք հյուրանոցում, բուժումը շարունակելու եք:

Կարդացեք նաև

Իսկ երեկ մեզ զանգահարել է մեր հյուրանոցի տերը, ասել է՝ մեզ չեն ֆինանսավորում, պետք է դուրս գաք: Այսօր էլի մոտեցել ենք, սոցաշխատող Արտակ Հարությունյանը ասում է՝ ինձանից ձեզ խորհուրդ, գնացեք, հարմար բնակարան գտեք ձեզ համար:

Այս պահին ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք՝ ոչ մի բուժառու չպիտի հայտնվի դրսում»,- 168.amի հետ զրույցում իրենց խնդիրը մանրամասնեց 15-ամյա անչափահաս բուժառուի մայր Արևիկը:

«Սա ոչ մարդկային վերաբերմունք է մեր հանդեպ. մենք այն վիճակում ենք, որ ոչ կարող ենք տուն փնտրել մեզ համար, ոչ էլ… Ասում են՝ գնացեք, հարմար տուն գտեք ձեզ համար. մի ոտանի մարդու հետ ինչպե՞ս գնամ հարմար տուն փնտրեմ»,- հավելեց Նելլի Սարգսյանը, որն անչափահաս երեխաների մայր է, իսկ ամուսինը պետք է վիրահատվի:

Արմինե Մկրտչյանը, որն այդ հյուրանոցի սենյակներից մեկում է անչափահաս որդու հետ, հաշմանդամության կարգ ունի, վիրահատվել է: Որդին՝ դարձյալ վիրահատվել է, այս պահին կորսետ է կրում ու կարիք ունի վերականգնողական բուժման: Միայնակ մայրը, որն այս պահին առողջական վիճակով պայմանավորված՝ չի կարողանում աշխատել, չգիտի, թե ինչ պետք է անի, եթե այդ ապաստանից էլ զրկվեն:

«Եկել ենք «Կարմիր խաչի» մեքենաներով:

Այս պահին ես էլ եմ գնում թերապիայի՝ հիպոֆիզի ադենոմա ունեմ, երեխան էլ վերականգնողական կենտրոն պետք է գնա։ Ես չեմ կարող հեռու տեղից ամեն օր տանել-բերել: 100 դրամանոց տրանսպորտը հազիվ եմ նստում, գնում-գալիս»,- հուզված պատմեց Արմինեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարները համաձայնեցին զրուցել նախարարության մոտ հավաքված Արցախից տարհանված բուժառուների և նրանց ընտանիքների անդամների հետ՝ առայժմ դարձյալ խոստանալով, որ որևէ մեկը դրսում չի մնա:

Մանրամասները՝ տեսանյութում   

Տեսանյութեր

Լրահոս