Ավինյանը խոստանում է՝ քաղաքապետ լինելու ընթացքում բարեկարգելու է բոլոր ապաստարանները

Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ կազմակերպված երդմնակալության արարողության ժամանակ Տիգրան Ավինյանն իր ելույթում վստահեցրեց, որ բարեփոխումների ու համաչափ զարգացման շնորհիվ մայրաքաղաքը հարմարավետ կլինի բոլոր երևանցիների՝ տարեցների, երեխաների, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես նաև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։

Ավինյանը նշեց, որ հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը, պահպանելով յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի և էլ ավելի կգեղեցկանա։

«Անասելի մեծ է Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվությունը։ Ամենօրյա աշխատանքով պետք է հոգալ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի մասին, որի խնդիրները բազմազան են։ Որոշ դեպքերում հրատապ և անհետաձգելի, երբեմն նաև երկարաժամկետ լուծում պահանջող։ Ընդունելով այս լանջաշղթան՝ ընդունում եմ մայրաքաղաքի նախկին և ներկա դժվարություններն ու մարտահրավերները՝ գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ պատվի և պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ։ Շնորհակալ եմ նաև ինձ վստահելու համար և ի պատասխան վստահեցնում եմ, որ անելու եմ հնարավորն ու անհնարինը, որ Երևանը մարդկանց համար լինի հարմարավետ քաղաք, որ երևանցին իր խնդիրներով ու ցանկություններով կիսվի մեզ հետ՝ համոզված լինելով, որ բարձրաձայնված խնդիրները կլուծվեն՝ հիմքում որպես սկզբունք դնելով հանրային շահը։

Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ Երևանը, պահպանելով յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի և էլ ավելի կգեղեցկանա։ Բարեփոխումների մեր ծրագիրը նախատեսում է Երևան քաղաքի համաչափ զարգացում, որով հավասար հնարավորություններ կստեղծվեն բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, և վերջիններս մարդկային կապիտալի ու ենթակառուցվածքների զարգացման, հետաքրքիր ժամանց ունենալու և ծառայություններից պատշաճ օգտվելու հնարավորություն կունենան հավասարապես։ Քաղաքը հարմարավետ կլինի բոլոր երևանցիների, տարեցների, երեխաների, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես նաև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։

Քաղաքապետարանի ծառայությունները բարեկարգելու նպատակով մենք հաշվի ենք առնում քաղաքացիների բողոքները, նկատառումները, ինչպես նաև խրախուսում ենք մասնակցայնության բարձրացումը, որով մեր քաղաքը հնարավորինս կնմանվի մեր՝ երևանցիներիս պատկերացրած երազանքների քաղաքին։ Մեր հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնենք՝ քաղաքը դարձնելով առավել հարմար և հասանելի։ Թվում է, թե սրանք մանր խնդիրներ են, սակայն քաղաքում չկա մանր խնդիր, որովհետև հատկապես մանրուքներն են խաթարում մեր առօրյան, հետևապես այս խնդիրների համապարփակ լուծումը կստեղծի միջավայր, որտեղ բոլորս կցանկանանք ապրել ու արարել»,- նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքը պետք է հոգ տանի իր բնակիչների մասին, որովհետև Երևանը մարդիկ են, ովքեր ապրում են քաղաքում և բախվում են այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են և առնչվում են բոլորին։ Անվասայլակով կամ մանկասայլակով չհարմարեցված մայթերով շրջող մարդիկ են, աշխատանքից կամ դասից ուշացող և կանգառում այսքան բարեփոխումներից հետո դեռևս ավտոբուսին երկար սպասող ու արդարացի դժգոհող երևանցիները։

«Քաղաքն անհարկի հոգսերով չպետք է ծանրաբեռնի իր քաղաքացուն։ Երևանցին իր ազատ ժամանակը պետք է անցկացնի քաղաքի անբաժան մասը դարձած մշակութային միջոցառումներին մասնակցելով, իսկ մենք կանենք ամեն ինչ, որ բարձրարժեք արվեստը գտնի երևանցուն։ Երևանում շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի իրեն շրջապատող միջավայրի հետ։ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, իսկ այդպիսին կարող է դառնալ պահպանելով մի պարզ սկզբունք՝ հանրային շահի գերակայությունն անհատական շահի նկատմամբ։

Կարող եմ փաստել, որ արդեն իսկ քայլեր են արվել առողջ ապրելակերպի խրախուսման, օդի աղտոտվածության նվազեցման, առողջապահական հաստատությունների բարեփոխման, կանաչ գոտիների ավելացման, հանրային տրանսպորտի բարեփոխման և մի շարք այլ ուղղություններով, և մենք շարունակելու ենք առաջ տանել մեր որդեգրած քաղաքականությունը։ Բացի այդ, հարմարավետ միջավայր ստեղծելուն միտված հետևողական քայլերը չեն կարող չենթադրել նաև անվտանգ քաղաք ունենալու կարևորությունը։ Մենք շարունակաբար փոխելու ենք հին վերելակները, նորացնելու ենք տրանսպորտային համակարգը, բարեկարգելու ենք ապաստարանները, կառուցելու ենք բարձր սեյսմակայունություն ունեցող նոր բնակելի թաղամասեր, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, մշակութային կենտրոններ։

Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկանց համար հարմարավետ քաղաք, որտեղ երևանցու ցանկություններն ու պահանջներն առաջնահերթ են, ուստի մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել և ծառայելու եմ Երևանին ու երևանցուն, քանի որ Երևանն առաջին հերթին մարդիկ են»,- ասաց Երևանի նորընտիր քաղաքապետը։

Տեսանյութեր

Լրահոս