Ո՞ւր մնացին կարգավիճակն իջեցնելու դիմաց արցախցիներին խոստացած անվտանգության երաշխիքները

Արցախի կարգավիճակն իջեցնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ դատարկում է Արցախը։ Մարդիկ հարկադրված, թողած տուն ու ունեցվածք, սարսափահար լքում են իրենց Հայրենիքը՝ փրկվելու հույսով։

Ո՞ւր մնացին կարգավիճակն իջեցնելու դիմաց՝ արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու իր արևմտյան և ամերիկյան հովանավորների տված խոստումները։

Մինչ արցախցին բռնել է հարկադրված տարհանվելու ճանապարհը, բոլորը լուռ հետևում են։ Այլևս չեն էլ խոսում իրավունքների ու անվտանգության երաշխիքներից։

Արցախցին մնացել է մենակ՝ իր ճակատագրի հետ, ստիպված հեռանում է՝ փրկվելու հույսով։

Կարդացեք նաև

Հեռանում է, որովհետև այլևս չի կարող իրեն անվտանգ ու պաշտպանված զգալ սեփական հողում, այն էլ՝ սեփական պաշտպանության բանակը հարկադրաբար կազմալուծելուց, զենքը վայր դնելուց հետո։

Սա մեծագույն ողբերություն է, որին հերթական անգամ բախվեց հայ ժողովուրդը՝ Հայաստանի ու Արցախի ապիկար իշխանությունների մեղքով։

Քանդեցին անվտանգության բոլոր համակարգերը, երկիրը տարան պարտության ու հասցրեցին նրան, որ կործանեցին ոչ միայն Արցախի ինքնությունը, այլև դատարկում են երկիրը։

Տասնյակ տարիների մարդկանց աշխատանքի արդյունքը կարճ ժամանակում հավասարեցրին զրոյի։

Ժամանակին, երբ ասում էին, թե Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ Արցախը հանձնելու համար, չէին հավատում, հոխորտում էին ու լուտանքներ թափում ասողների վրա, անարգում ու հայհոյում, պիտակավորում ամենավերջին արտահայտություններով։ Ասում էին՝ մենք Արցախին, երբևէ եղած, ամենանվիրված իշխանությունն ենք։

Հիմա տեսնում ենք, թե ինչ արժեք ունեին այդ ամենը։

Փաստերն են ասում, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, այն էլ՝ հազարավոր հայորդիների կյանքը զոհասեղանին դնելու գնով։ Ինչպես հետո պիտի խոստովաներ, զուտ նրա համար, որպեսզի իրեն դավաճան չանվանեին։

Իհարկե, դավաճան լինելու պիտակից չփրկվեց, բայց խորտակեց նաև հազարավոր մարդկային ճակատագրեր։

Արցախցին այսօր հեռանում է իր հայրենիքից՝ թողնելով տարիների ստեղծածը։

Որևէ մեկը հաշվե՞լ է, թե սրանով Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ահռելի վնասներ է հասցրել Արցախին ու արցախցուն։ Հայրենիքի ու մարդկային կորուստների մասին չենք խոսում, որովհետև դրանք անգին են։ Խոսքը նյութական կորուստների մասին է։

Դեռ ժամանակ կլինի ավելի մանրամասն անդրադառնալու դրան, բայց այսօր էլ պարզ է, որ միլիարդավոր դոլարիներով են հաշվվում Արցախին ու արցախցուն պատճառված նյութական վնասները։

Վնասներ, որոնք հետ չես բերելու։ Արցախը լքելուց հետո, դրանք մնալու են ու ծառայեն թշնամուն։

Տարիների ընթացքում մարդիկ տուն են դրել, ապրուստ կուտակել ու հիմա ամեն ինչ թողած փախնում են, որովհետև Հայաստանի ղեկավարությունը որոշել է, որ Արցախը այլևս Արցախի Հանրապետություն չէ, Ադրբեջան է, ու Արցախում եղած-չեղածը Ադրբեջանինն է՝ հանքերը, գործարանները, էլեկտրակայանները, ենթակառուցվածքները, շենք-շինությունները, տները, մի խոսքով, ամեն ինչ։

Մարդիկ աշխատել-ստեղծել են ու հիմա ստիպված են դատարկ հեռանալ։

Պատերազմից հետո հպարտանում էին, թե՝ տեսեք, ինչքան գումարներ ենք տալիս Արցախին։ Հայաստանի որևէ իշխանություն այդքան գումարներ չի տվել։ Տներ ու նոր թաղամասեր ենք կառուցում՝ տեղահանվածների համար։

Ոչինչ, որ այդ մարդիկ իրենց մեղքով էին զրկվել տներից ու ունեցվածքից։ Բայց ի՞նչ եղան այդ տներն ու թաղամասերը։ Ո՞ւմ էին պետք, եթե այսօր արցախցին, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, լքում է իր Հայրենիքը։ Այս ամենն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանքն է։

Մինչ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Արդբեջանի կազմում, արցախցին այդ կարգավիճակում ոչ մի կերպ չի պատկերացնում իր ապագան Արցախում։ Ոչ թե նրա համար, որ այլևս Արցախը չի համարում իր տունը, իր Հայրենիքը, այլ՝ որովհետև չունի անվտանգության բացարձակ երաշխիք։ Հայաստանի իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վաղուց հրաժարվել է արցախցուն անվտանգության երաշխիք տալուց, իսկ այլ երկրների հետ կապված հույսերը սին դուրս եկան։

Հայ ժողովրդի նկատմամբ համատարած հայատյացության պայմաններում արցախցին չի կարող վստահ լինել, որ վաղը չեն մտնելու իր տուն ու չեն մորթի իր երեխաներին։ Դրա համար էլ հեռանում են՝ ստիպված լինելով թողնել ամեն ինչ։

Իրենց ձախողումները թաքցնելու համար, Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե պատրաստ են «գրկաբաց» ընդունելու Արցախի մեր հայրենակիցներին՝ նրանց ապահովելով կեցության պայմաններով։

Թե դա ինչքա՞ն կարող է տևել, Հայաստանում ապաստան գտած Հադրութի ու Շուշիի, Արցախի այլ բնակավայրերից տեղահանվածները լավ գիտեն։

Կարճ ժամանակ անց մոռացան մարդկանց ու նրանց հոգսերի մասին։

Կասկած չկա, որ նույնը լինելու է նաև մյուսների հետ։ Դրան շատ շուտով բախվելու են Արցախի մեր այն հայրենակիցները, ովքեր այսօր հարկադրված բռնել են Հայրենիքից հեռանալու ճանապարհը։

Սա մարդկային մեծ ողբերգություն է, որի պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրում է գործող իշխանությունը, ինչքան էլ փորձեն ձեռքերը լվանալ ու մեղադրել ուրիշներին։ Ստիպված են պատասխան տալ ոչ միայն Արցախի կորստի, այլև մարդկանց պատճառած անասելի ցավի ու տառապանքների համար։ Գալու է պատասխանատվության ժամը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս