Ադրբեջանում կայացել է Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստը

Երեկ Ադրբեջանում կայացել է Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստը

Հանձնաժողովը ստեղծվել է 2017-ին։ Իսկ 3-րդ նիստի անցկացման մասին հայտնի էր դարձել դեռ օգոստոսի վերջին։

Նիստին մասնակցելու համար Բաքու էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Մոհամմադ Ամիր Ահադիի գլխավորած պատվիրակությունը։

Իրանական կողմը դեռ շատ մանրամասներ չի հայտնել հանդիպումներից։ Միայն նշվել է, որ Ահադին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, փոխվարչապետ Շահին Մուսատաֆաևի և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկվել են հատկապես ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր։

Ադրբեջանական կողմից հայտնում են, թե Ահադին անհանգստություն է հայտնել Հայաստանի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար սպառնալիք ստեղծել։

Այստեղ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք ադրբեջանական ԶԼՄ-ներում ընդունված խեղաթյուրման պրակտիկայի հետ։ Այսինքն՝ հավանական է, որ իրանական կողմը, սովորության համաձայն, առանց որևէ երկրի անուն շեշտելու անհանգստություն է հայտնել «այն գործողությունների առնչությամբ, որոնք կարող են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար սպառնալիք ստեղծել»։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, դա վերագրել է Հայաստանին։ Նախկինում նման դեպքեր շատ են եղել։

Իսկ ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա գոյություն ունեցող տարաձայնությունների պահպանմանը զուգահեռ, հարաբերությունները որոշակիորեն վերադառնում են բնականոն հուն։ Այս պահի դրությամբ միայն դեսպանատունն է, որ դեռ չի վերսկսել իր գործունեությունը։

«Իրանն այսօր» տելեգրամային ալիք 

Տեսանյութեր

Լրահոս