«Համոզված  պնդում եմ՝ այս կառավարությունը երկիրը քանդելու համար է. նույն տրամաբանության մեջ է հակառակորդի ագրեսիայի դիմաց խաղաղության օրակարգի մասին բարբաջելը». Հակոբ Ճաղարյան

Ուինստոն Չերչիլն ասել է, որ հնարավոր չէ խաղաղություն կնքել մեկի հետ ում բերանում է  քո գլուխը։

Ինքս ավիացիայի փորձագետ եմ, միշտ աշխատել եմ իմ հարցազրույցների ընթացքում խոսել զուտ ավիացիայի ոլորտից, բայց այսօր դրա ժամանակը չէ։ Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հասկանալ, որ եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզանով զբաղվելու։  168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց օդաչու-հրամանատար, ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին և այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տարածաշրջանում իրավիճակը լարված է, սակայն Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, Հակոբ Ճաղարյանը հակադարձեց, որ  անհնարին է  Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ անկախ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արած հայտարարություններից։

«Խաղաղություն կնքում են նրա հետ, ով այդ խաղաղությանը պատրաստ է, Ադրբեջանը դրան պատրաստ չէ։ Ադրբեջանում 90-ական թվականներից հետո աճել է երկու սերունդ, արդեն երկրորդ սերունդն է, որն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ։ Հետևաբար՝ ես չեմ հավատում առանց ուժի խաղաղության, չեմ հավատում, առանց ինքնապաշտպանության, առանց քո տեղը ամրապնդելու, քո տունը պահելու պատրաստակամության՝ չկա որևէ խաղաղություն որևէ հարևանի հետ, նույնիսկ, եթե նրանք երբևիցե մեզ հետ խնդիրներ չեն ունեցել։

Կարդացեք նաև

Սկսած այն պահից, երբ հասկացա, որ կառավարությունում, որտեղ աշխատելու համաձայնություն էի տվել, իսկ ես իմ համաձայնությունը տվել էի ՀՀ-ում միջազգային կարգավորումներին համապատասխան, ավիացիոն, բիզնես մթնոլորտ ստեղծելու համար, ինչի փորձը ես ունեմ, այն ժամանակ վստահ էի, որ սա հեղափոխություն է, ոչ թե իշխանափոխություն, տեղափոխություն, սակայն համոզվեցի, որ այս կառավարությունը չի անում որևէ բան երկիրը զարգացնելու համար։

Այդ ժամանակվանից սկսած, հետևելով քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, համոզված եմ, պնդում եմ, որ այս կառավարությունը երկիրը քանդելու համար է։ Այս նույն տրամաբանության մեջ տեղավորվում է հակառակորդի ագրեսիայի դիմաց խաղաղության օրակարգի մասին մշտապես բարբաջելը»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։

Ինչ վերաբերում է Արցախի օդային ճանապարհը բացելու մասին իր բազմաթիվ հորդորներին, Հակոբ Ճաղարյանը նկատեց՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջին անգամ խոսեց տվյալ հարցի մասին, բայց այդ մասին պետք է խոսվեր ոչ թե օգոստոսին, այլ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Ադրբեջանը փակեց Բերձորի միջանցքը։

«Դեկտեմբերից սկսած մեր կառավարությունը գիշեր-ցերեկ, շաբաթը 7 օր պետք է աշխատեր այդ ծրագրի շուրջ, այնտեղ պետք է արդեն Պարենի համաշխարհային ծրագիրը ներգրավված լիներ՝ կլիներ օդանավակայանո՞վ, թե՞ ոչ, օդային ճանապարհո՞վ, թե՞ ոչ, սա չէր իմ ելույթների ու հայտարարությունների գլխավոր խնդիրը, ենթատեքստը քաղաքական էր, ոչ թե ավիացիոն։

Ես վստահ եմ, որ մեր կառավարությունը հնարավորությունների մասին տեղյակ է եղել, վստահ եմ, որ այս ամենը, ինչ արվել է, արվել է գիտակցաբար։ Վստահ եմ, որ, ԱԳՆ-ում որքան էլ անկյունաքարային պաշտոնները զբաղեցնում են քայլող թիմի ներկայացուցիչներ, այդուհանդերձ կան մասնագետներ։

Շուտով կլրանա 9 ամիսը, որ Արցախը շրջափակված է, հնարավորությունները ո՛չ մեծացել են, ո՛չ նվազել։ Տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որին պետք է հետևեր կամ հայտարարություն, կամ բանաձևի ընդունում, բայց որևէ մեկը չեղավ, նույնիսկ մամուլի համար հաղորդագրություն չեղավ, սա արտգործնախարարության վատ աշխատանքի, անթույլատրելի անգործության արդյունքն էր, որովհետև միակ բանը պետք է լիներ բանաձևի ընդունումը։

Հնարավորությունները նույնն են, բայց ամեն օր համոզվում ենք,  օգտագործված հնարավորություններն են ավելանում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հակոբ Ճաղարյանը նաև անդրադարձավ Կապանի օդանավակայանին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսուհետև տեղի կունենա Կապան-Երևան կանոնավոր թռիչքներ, սակայն դրանք տեղի չեն ունենում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ Կապանի ու հարակից գյուղերի բնակիչների խոսքով՝ թշնամու կրակոցների։

«Մարդիկ հարցնում են, որ Կապան թռչելն ավելի վտանգավոր չէ՞, քան թռիչքը դեպի Ստեփանակերտ։ Ես 90-ականներին դեպի Ստեփանակերտ մոտ 1000 թռիչք եմ կատարել՝ որպես օդաչու-հրամանատար։ Էրեբունի օդանավակայանի ամբողջ անձնակազմը նման թռիչքներ կատարել է, չգիտեմ, դա հերոսությո՞ւն է, թե՞ ոչ, բայց մենք դա արել ենք, որովհետև մեր հայրենակիցներն այլ ելք չունեին, մեր պետությունն այլ ելք չուներ»,- շեշտեց նա

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝  ներառյալ Արցախի Հանրապետությունը, ճանաչելու  մասին Նիկոլ Փաշինյանի մի քանի անգամ հնչեցրած հայտարարության մասին   Հակոբ Ճաղարյանի կարծիքը միանշանակ է.

«Նիկոլ Փաշինյանին որևէ մեկն իրավունք չի տվել նման հայտարարություն անել, նա այս երկրի տերը չէ, նա այս երկրի ժողովրդի ծառայողն է, որի համար երկրի բյուջեից աշխատավարձ է ստանում։ Նա իրավունք չունի իմ անունից նման հայտարարություն անել։ Կարծում եմ՝ խնդրի լուծումը գտնվում է նույնիսկ գնդացրի առջև կանգնած որևէ պայմանագիր չստորագրելու մեջ։

Մենք պարտական ենք պահանջելու երկրի տիտղոսն այդ տարածքների վրա, պարտական ենք կռվել մեր երկիրը պահելու համար՝ սա է միակ լուծումը»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս