Բաժիններ՝

Թելավիում նոր օդանավակայան կկառուցվի

Վրաստանի կառավարությունը նախատեսում է Թելավիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ըստ aliq.ge-ի՝ կառավարության նիստում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է՝ նախագիծը կարժենա 25-30 մլն լարի, և նոր օդանավակայանն իր առաջին ուղևորներին կընդունի 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին:

«Ամբողջովին կվերանորոգենք թռիչքուղին, կտեղադրվեն ժամանակակից նավիգացիոն համակարգեր, կթարմացվեն ենթակառուցվածքները և կստեղծվեն կայանատեղեր, հարմարավետ տարածքներ ուղևորների համար. Թելավին կունենա ժամանակակից օդանավակայան»,- ասել է Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, բացի այդ, անհրաժեշտ է զարգացնել ներքին ավիացիան, ինչի համար կառավարությունն օգնում է տեղական ընկերություններին։ Ղարիբաշվիլիի խոսքով, այս ուղղությունն էլ ավելի կընդլայնվի, Վրաստանում ընդհանուր առմամբ կգործի 6 ժամանակակից օդանավակայան։

Ի դեպ, Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է Վազիանիի նախկին օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը։ Ըստ նրա՝ կառավարությունը նախատեսում է զարգացնել այս ոլորտը` երկիրը վերածելու «ավիացիոն հանգույցի» տարածաշրջանում, ինչի համար Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքը բավարար չէ, իսկ Վազիանիի նախկին օդանավակայանի դիրքը «իդեալական է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս