«Սա ազգային մեր երազանքների քանդումն է. Փաշինյանը կցկտուր է անում, Աննան՝ ավելի հետևողական». Մարինե Պետրոսյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականն ավելի ճիշտ կլիներ առնվազն երկու տարի առաջ՝ պատերազմում պարտությունից հետո։ Բայց այժմ մի քիչ վտանգավոր վիճակ է, քանի որ Արցախը և առհասարակ հայերը թուլացել են, Ադրբեջանը կարող է սա օգտագործել՝ Արցախում իրավիճակն իր ձեռքը վերցնելու համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ խոսելով Արցախի նախագահի հրաժարականի մասին։
Այս համատեքստում նա այդքան էլ իրատեսական չի համարում, որ Հայաստանում հրաժարական կարող է տալ Նիկոլ Փաշինյանը։
«Որոշ նշաններ կան, որ այն ուժերին, որոնք Նիկոլ Փաշինյանին մինչև հիմա պահում են (ակնհայտ է, որ նման ուժեր կան, խոհանոցին չեմ տիրապետում, բայց կան) ինքը չի բավարարում, և կարող է իրեն հանեն, բայց նույնը վարեն՝ Հայաստանն ամեն գնով Ռուսաստանից պոկելու և ինչ-որ տեղ Թուրքիային միացնելու, սա այնքան էլ լավ բան չի լինի։ Ամենաճիշտը կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հասկանար ու հեռանար պարտությունից հետո, դա չեղավ և դա մեր ամոթն է, մնալու է մեր պատմության մեջ։ Հիմա այս իրավիճակում շատ կարևոր է, որ հստակ հասկանանք՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ ու ի՞նչ պահանջի տեղի տալով է հրաժարական տալիս։ Բայց ոչ մի նշան չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամաչել Արցախի հարցում այս իրավիճակի համար ու հրաժարական տա, ոչ մի նշան չկա, ինքը վաղուց ակնհայտ ասել է, որ Արցախն ընդունում է Ադրբեջանի կազմում։
Ի՞նչ նշան կա, որ Նիկոլ Փաշինյանն ամաչում է իր արածների համար, կամ ասում է, որ գլխավոր հարցերում սխալ է եղել։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռանալն իմպերատիվ է, սակայն խնդիրն այն է, թե մենք ինչ հիմքով ենք հեռացնում ու իրենից հետո ինչ ենք սկսում։ Սա լայն հարց է»,- իր խոսքում ասաց Մարինե Պետրոսյանը։
Միաժամանակ նա ասաց, որ Հայաստանում այսօր տեղի է ունենում ազգային հիմքերի խարխլում, և որպես օրինակ՝ նա վկայակոչեց արտառոց մի արտահայտություն, որ՝ «ավելի լավ է Հայաստանը Թուրքիայի հետ լինի, քան Ռուսաստանի պոչից կպած»։
«Հայաստանում ազգային ամբողջ միտքը լրիվ քանդված է, եթե նորմալ մարդիկ, որոնց ես նորմալ էի համարում, նման բաներ են ասում, չեն գիտակցում, թե ինչ է կատարվում։ Սա կապված է նաև այն բանի հետ, թե ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ վերընտրվեց։ Սա մենք պետք է հասկանանք, որ փոխենք, ինչպես անենք, որ փոխվի իրավիճակը, սա մեր ամոթն է, բայց արդեն անցել է, ու պետք է սառը դատենք։ Սա անկախ Հայաստանի 30 տարվա ամբողջ քաղաքական դիսկուրսի արդյունքն է, մենք անկախացանք, ընդ որում՝ մեր անկախացումը եղավ արցախյան շարժումով։ Այն ժամանակ, երբ մենք Արցախի համար դուրս եկանք փողոց, այդ ժամանակ Սովետական Միության քանդման նշաները, ի դեպ, չկային։ Մարդիկ հույս ունեին, որ Գորբաչովն իրենց կընդառաջի և այլն։ Բայց ինչպե՞ս սկսվեց անկախացումը. այն ըստ էության սկսվեց այն ժամանակ, երբ Մոսկվան «ոչ» ասաց, ի դեպ, շատ հայերի համար բավականին անսպասելի։
Այդ «ոչ»-ից հետո շատերին թվում էր, թե ժողովուրդը պետք է ցրվի, Սիլվա Կապուտիկյանը և Զորի Բալայանը Մոսկվայից եկան ու ասացին՝ ժողովուրդ, ցրվեք, բայց ժողովուրդը չցրվեց, և այդտեղից սկսվեց Հայաստանի անկախացումը, և այդ «ոչ»-ին «ոչ» ասաց, ինքնության քայլ արեց։ Արցախը հարցն ընկալեց՝ որպես իր հարցը, իր արժանապատվության հարցը։ Ադրբեջանը հարձակվեց, և մենք նույնիսկ այն ժամանակ բան էլ չունեինք, բայց գնացինք ու հաղթեցինք։ Սա ասում եմ, որովհետև 30 տարի է անցել, ու մարդիկ գուցե մոռացել են ու մտածում են, թե լավ, եթե չի ստացվում՝ մի կողմ դնենք և որպես պետություն՝ Հայաստանը կայանա, չենք հասկանում, որ Հայաստանի անկախացումը սկսվել է հենց Արցախով։ Բանակ չկար, մարդիկ գնացին պատերազմ, դուրս եկան հանրահավաքի, ինչո՞ւ այն ժամանակ նրանց մեջ կար այդ մղումը, որովհետև մարդիկ ունեին ազգային երազանք, և նրանց մեծ մասամբ դա տվել էր գրականությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մարինե Պետրոսյանը կրկին բարձրացրեց հարցը՝ ինչո՞ւ ժողովրդի մի հատվածն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, և պատասխանելով՝ ասաց, որ 30 տարվա ամբողջ դիսկուրսը եղել է՝ մեզ թալանել են, գռփել են, սկզբում թալանողը Առաջին նախագահն էր, հետո՝ Երկրորդը, հետո՝ Երրորդը։ Բոլոր նախագահները դարձան գռփողներ, և այդ դիսկուրսի վրա եկավ Նիկոլ Փաշինյանը։
«Լայն առումով, ես համարում եմ, որ մեր խնդիրն է՝ փոխել այդ դիսկուրսը, պետք է հասկանանք, որ մենք որպես պետություն՝ այնպիսի վտանգի առաջ ենք, որը մեզ դրել է մահվան եզրին։
Ինձ համար մեծ տանջանք է լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները, նաև Աննա Հակոբյանի գրառումները կարդալը, բայց հետևողական կարդում ու լսում եմ, ուզում եմ հասկանալ՝ այնտեղից ինչ է գալիս։ Պարզ տեսնում եմ՝ ինչ է, դա ազգային մեր ամբողջ երազանքների քանդումն է, Նիկոլ Փաշինյանը կցկտուր է անում, իսկ Աննան ավելի հետևողական է։ Նիկոլը պարզ ասում է, նա պետությունը հակադրում է ազգայինին և դա այնպես հմուտ է անում, որ բոլորն ասում են՝ հա, հա։ Հարցն այն է, որ պատմություն իմացող մեկը լավ հասկանում է՝ եթե ազգայինը հակադրում ես պետությանը, ուրեմն՝ երկիրդ քանդում ես, որովհետև Հայաստանը հենց ազգային պետություն է։ Ազգն էլ այդ ամենը թույլ է տալիս, որովհետև պարտությունից հետո դեպրեսիայի մեջ է և հմուտ քարոզչություն է տեղի ունենում։ Ժողովրդին միշտ վախեցնում են, թե նախկինները կգան»,- եզրափակեց Մարինե Պետրոսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում